ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ երեկ Տեղ բնակավայրի մոտ ադրբեջանական կողմի սադրանքին ու դրա պատճառներին:
«Հիմնականում խնդիրը կայանում է նրանում, որ ապրիլմեկյան պայմանավորվածությունները չկատարելը և մարտի 29-ից ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈՒ տեղակայման արդյունքում որոշակի անճշտություններ կամ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև, և, բնականաբար, քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային ՀՀ ԶՈՒ-ն իրենց պարտականությունները կատարելու նպատակով նաև ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը տեղակայվել է այս տեղամասում, այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ շաբաթվա, տասը օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են, և սրա բերումով է, որ ունենանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են, և խնդիրներ չկան: Նմանատիպ մի ճշգրտման բերումով է տեղի ունեցել մի միջադեպ, որը բերել է հրմշտոցի, բախման, և ցավոք, անցանկալի հետևանքների»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանն անդրադարձավ նաև սահմանի խնդրահարույց հատվածին:
«Խնդրո առարկա հանդիսացող հատվածի մասին արդեն հայտարարություն է եղել, պատճառները հայտնի են՝ ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր, ու ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցան հայտնի միջադեպերը, որի շարունակությունը սա է: Հիմնականում այդ հատվածն է, որ խնդրահարույց է, այն շարունակում է ճշգրտվել»,- ասաց Սուրեն Պապիկյանը: