Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բացառեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել:
«Որևէ մեկը լսե՞լ է որևէ զինվորից, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել, բացառված է, չի կարող նման բան լինել, ընդհակառակը, որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերով լիքը պահեստները թողել են ու փախել: Լավ, հերիք ա, ամեն ինչին չափ ու սահման կա, չե՞նք տեսել այդ կադրերը, երբ ադրբեջանցիք իրենց գրաված զորամասի վիդեոներն են հրապարակել՝ պահեստները՝ լիքը զենք, իսկ 2016-ին չե՞նք հիշում՝ ինչ խոսակցություններ էին գնում, նույնիսկ երկրի վարչապետն այս ամբիոնից ասել է, որ դիզվառելիքի խնդիր է եղել, հետո հասկացան՝ ինչ են արել, հերքեցին, ծածկադմփոց արեցին»,- ասաց վարչապետը:
Նա ասաց, թե երբ իրենք եղել են ընդդիմադիր, պատերազմի ժամանակ որևէ քննադատական խոսք չեն ասել իշխանության հասցեին:
«Մենք ընդդիմադիր եղել ենք, բայց մենք հինգերորդ շարասյուն չենք եղել: Մենք օտար երկրներից կառավարվող քաղաքական ուժ չենք եղել, մեզ ինչ անուն ասես ուզում էին կպցնել՝ պողոսական, սորոսական, ինչո՞ւ, որովհետև իրենց քաղաքական գործունեության այլ ձև հայտնի չէ, որովհետև իրենք ինչ արել են, ո՛չ սեփական գաղափար են ունեցել, ո՛չ սեփական տեսլական, իրենց հանձնարարվել է, իրենք էլ գործել են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ սպայական դասին ընդդիմությունը բարոյապես կոտրել է:
«Այսօր մենք դրա հետևանքները կրում ենք, հույս ունեմ՝ քննիչ հանձնաժողովում շատ մանրամասն կխոսենք, բայց ամեն ինչին չափ կա, սահման կա»,- ասաց Փաշինյանը: