ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ նիստում ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Փաթեթով նախատեսվում է ոստիկանությունում ներդնել ատեստավորման նոր համակարգ։
«Դա նպատակ է հետապնդում բարձրացնել ծառայության գրավչությունը, ինչպես նաև որակյալ և բարեվարք կադրերին տրամադրել սոցիալական ավելի բարձր երաշխիքների փաթեթ՝ ի դեմս հավելավճարի հաշվարկման»,- ասաց Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ 3 տարվա ընթացքում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն են ունենալու մասնակցել ատեստավորման պրոցեսին։
«Եթե ընթացքում հաջող կերպով հաղթահարեն ատեստացիան, կստանան ավելի բարձր հավելավճար, որը թույլ կտա ավելի բարձր աշխատավարձով աշխատանքը ոստիկանության համակարգում»,- ասաց նա։