ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայությունն արձագանքել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքին:
«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Տեղ գյուղի շրջանում զինված բախումների կապակցությամբ, ինչը հանգեցրել է հայ և ադրբեջանցի մի քանի զինծառայողի զոհվելուն և վիրավորվելուն։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարկավոր է հարգել 1991 թ. գիծը։ Երկու կողմերի ուժերը պետք է հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորության վրա՝ կանխելու նմանատիպ միջադեպերը: Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները, որոնք կապված են 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ: ԵՄ-ը նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամ է աջակցելու այս գործընթացին։
Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- ասված է հայտարարության մեջ: