«Մեր ջանքերը չեն թուլանում՝ աջակցելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում: Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մեր տարածքում։ Ժամկետների մասին կտեղեկացնենք, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցվի»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայ-ադրբեջանական սահմանին Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի առնչությամբ Զախարովան նշել է, որ նույնիսկ հարկ չի լինի վերլուծել կոնկրետ այս միջադեպը, քանի որ ավելի վաղ Ռուսաստանը խոսել է այդ մասին:
«Մենք ներկայացրել ենք մեր վերլուծությունը, որ այնտեղ այլ խաղացողների կամ այլ կառույցների ներգրավումը, որոնք երբեք չեն զբաղվել այս երկարամյա հակամարտության կարգավորմամբ, չի ունենա անհրաժեշտ հավելյալ արժեք և ընդհանրապես չի ունենա խաղաղության ձեռքբերման էֆեկտ։ Փոխարենը կհանգեցնի սրացումների, ապակայունացման, և կհեռացնի նախատեսված խաղաղ կարգավորման ձեռքբերումը։ Սա արդեն գնահատել ու կանխատեսել ենք։ Հիմա մենք սկսում ենք խորհել, դիտարկել, թե ինչպես է լրացուցիչ ապակայունացում ներմուծվում արտաքին խաղացողների միջամտությամբ»,- ասել է դիվանագետը։