Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երեք անդամներ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել բազմամարտում, նժույգթափերում և հենացատկում: Եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն ու երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը, որոնք նժույգթափերում և բազմամարտում չեն կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանն ընդգրկված են Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում:
Եվրոպայի առաջնության եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 15-ին և 16-ին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: