Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ խոշոր գումարներ է կորզել: Այն ստեղծվել և ղեկավարվել է մի շարք կազմակերպությունների անվամբ: Ֆինանսական բուրգը խարդախ սխեմա է, որը ստեղծում է գերշահույթ ստանալու պատրանք: Միայն Քննչական կոմիտեում բուրգերի վերաբերյալ 5 քրեական վարույթ կա, որոնցով անցնում է 220 մեղադրյալ:
Ֆինանսական բուրգի գործունեությունից տուժել է ավելի քան 32 հազար քաղաքացի: Հազարավոր քաղաքացիներից, ըստ գործում պարզված հանգամանքների, ավելի քան 160 միլիոն դրամ են կորզել: Քննչական կոմիտեի պաշտոնյան բուրգի 2 մեխանիզմ է ներկայացնում:
Կարեն Հովհաննիսյան (ՔԿ ՀԿԳ քննության ԳՎ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ) - Առաջինը մարդկային գործոնով, հոգեբանական ազդեցությամբ պայմանավորված` մարդկանց խաբեության եղանակով ֆինանսական բուրգի մեջ ներգրավելն է և նրա ֆինանսական միջոցները հափշտակելը: 2-րդ մեխանիզմը կիբերհամակարգչային մեթոդների ծրագրային ապահովման միջոցով ֆինանսական հափշտակություններ կատարելն է:
Հովհաննիսյանի խոսքով՝ 5 քրեական վարույթներով անցնում է 5 առանձին կազմակերպություն, կիրառած մեխանիզմներն էլ տարբեր են, ՔԿ պաշտոնյան դրանցից մեկն է առանձնացնում:
Կարեն Հովաննիսյան - Տվյալ կազմակերպությունում ներգրավված անձինք ֆինանսական միջոցներ ներդնելուց հետո խոստացել են մեծ քանակի շահույթ, որից հետո շահույթը որոշ ժամանակ անց պայմանավորել են բացառապես նոր մասնակիցների ներգրավմամբ և նրանց կողմից ներդրած ֆինանսական միջոցներով, այնուհետև ֆինանսական բուրգը, այսպես ասած, «աճելով»` ինչ-որ փուլում փլուզվել է:
Հովհաննիսյանը մի կարևոր հանգամանք էլ է նշում՝ այդ կազմակերպությունները ֆինանսական գործունեությունը իրականացնելու և խոստացված եկամուտները տալու համար չեն ունեցել հիմնական և կապիտալ միջոցներ:
Կարեն Հովհաննիսյան - Իսկ հետագայում էլ նշված ֆինանսական միջոցները որևէ ձեռնարկատիրական գործունեության մեջ չեն օգտագործվել:
Քննիչ Արամ Կարապետյանն էլ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության վարչությունում քննվող վարույթներից մեկն է ներկայացնում: Ըստ քննիչի՝ մի խումբ անձինք 2019-ին հիմնադրել են առևտրային կազմակերպություն՝ այն ներկայացնելով հայկական ստարտափ ընկերություն:
Արամ Կարապետյան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿՔ քննիչ) - Իրենց կողմից ստեղծվել են հնարածին նախագծեր, այդ հնարածին նախագծերը վաճառել են 125 դոլարից մինչև 101 հազար 250 դոլարով և խոստացել են 22-ից 29 ամիսների ընթացքում վերադարձնել կրկնապատիկի չափով եկամուտներ: Նշված եկամուտները պայմանավորվել են միայն նոր ներգրավողներից ստացված եկամուտներով:
Կարապետյանի խոսքով՝ այդ գործունեության համար կազմակերպել են դասընթացներ, իսկ քաղաքացիներին էլ հետաքրքրել է բարձր եկամտաբերությամբ գումարների ներգրավումը:
Արամ Կարապետյան - Բացի այդ, նշված անձինք առևտրային հարաբերություններում որևէ արժեք չունեցող թվացյալ կրիպտոարժույթ են ստեղծել և փորձել են այդ կրիպտոարժույթի միջոցով էլեկտրոնային հաշիվներ ձևակերպել անհատական եղանակով և էլեկտրոնային հաշիվների դիմաց նույնպես գումարներ են գանձել:
Քննիչը նշում է՝ քննությամբ ձեռք բերված տվյալներով այդ գումարները որևէ ձեռնարկատիրական գործունեության չեն ուղղվել, առհասարակ ընկերությունը ձեռնարկատաիրական գործունեություն չի իրականացրել:
Արամ Կարապետյան - Բացի այդ` նշված հնարածին եղանակով իրենց նախագծերը վաճառելուց, խոստացել են նաև հավելյալ բոնուսներ, այպես կոչված «բինարային բոնուս» կոչվող ծրագիրը, որը ներդրողի կողմից եւս երկու ներդրող ներգրավելու արդյունքում հնարավորություն է ապահովել երկուսից 9 տոկոսի չափով բոնուս ստանալ:
Այս կերպ յուրաքանչյուր ներդրող ինքը եւս դարձել է ֆինանսական բուրգում գործունեություն իրականացնող անձ, ապահովել է նոր ներդրողներ, ստացել եկամուտ:
Արամ Կարապետյան - Այդ եղանակով էլ ձևավորվել են ֆինանսական բուրգում առաջացած մեծ գումարները: Կարելի է այս պահին փաստել, որ քրեական գործում առկա տվյալների համաձայն` ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 250 միլիոն դրամ:
Այս գործով 4 մեղադրյալ կա, 4-ի պաշտպանն էլ հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան