Երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով ՀՀ ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը իրենց տեղեկացրել է ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ։ Նաև նրանք նշել են, որ իրենք տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են։ Իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային։ Մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է զեկույցը»,- ասաց նա։
Միրզոյանը նշեց, որ հայկական կողմն արագ արձագանք է հայցում նմանատիպ իրավիճակներում։
«Իրավիճակի շուրջ հրավիրում ենք մեր բոլոր գործընկերների ուշադրությունը և կոչ անում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններով և հետագա էսկալացիան կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել»,- ասաց Միրզոյանը։