«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացնելով հարցն առաջին ընթերցմամբ քննարկման:
Փոխնախարարի հավաստմամբ` սահմանվում է, որ աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուն յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը:
Նույն հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանը, կարևորելով օրինագծի ընդունումը, առաջարկել է մասնավոր և պետական համակարգի գործատուների համար սահմանել աշխատավարձերի վճարման հետ կապված նույն պայմանները:
Ըստ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի՝ նախագիծն ուղղված է գործատուների և վարժանքի մասնակիցների միջև ծագող խնդիրների կարգավորմանը:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է պատգամավորների բարձրացրած հարցադրումները: