Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը վշտակցություն է հայտնել երեկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Նախարարը կարևորել է նմանատիպ ագրեսիաները կանխելու գործում միջազգային գործընկերների ջանքերը:
Քննարկվել է և Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը` կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պաշտպանության վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում:
ԵԽ-ի հետ առաջին համագործակցությունը եղել է հաջողված: Ընդունվել են էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները, իրականացվել է մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտներին ազգային օրենսդրության համապատասխանեցում:
«Բուժաշխատողների էթիկայի կանոնները ոչ միայն օրենսդրական դաշտ բերվեցին, այլև վերապատրաստումների միջոցով դարձան ամենօրյա աշխատանքի մաս: Սա էր մեզ համար կարևոր: Ուրախ ենք, որ ծրագիրը կշարունակվի. այն կարևոր է մեզ համար բարեփոխումների տեսանկյունից, այդ թվում` առողջության համապարփակ ապահովագրության, բժիշկների լիցենզավորման գործընթացում, որպեսզի վերջիններս համապատասխանեն ոչ միայն բժշկական, այլև էթիկական չափանիշներին»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Կարևորվել են նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Երկրորդ փուլում թիրախային կլինի նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը: Նախարարը նշել է, որ ընթանում են ենթակառուցվածքների վերակառուցման, պայմանների բարելավման աշխատանքներ, ուշադրության ներքո են նաև բուժական և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները: