Մևլութ Չավուշօղլուն թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, պատասխանել երկու երկրում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հավանականության մասին հարցին:
«Մոտ ապագայում դա կարող է չլինել։ Նախ պետք է մյուս քայլերը կատարենք»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ թուրքական կողմի համար կարևոր է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացը, և Անկարան աջակցում է կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Թուրք դիվանագետը կարևորել է տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ ընդգծելով, որ այժմ Արևելք-Արևմուտք` «Միջին» միջանցքը կենսական նշանակություն է ձեռք բերել։
«Հայաստանի հետ մեր օդային տարածքն ենք բացել, օդային բեռնափոխադրումներ, երկկողմ թռիչքներ ենք սկսել։ Մեր օդային տարածքով Հայաստանի ավիաընկերությունները երրորդ երկրներ էլ են կարողանում թռչել»,- մանրամասնել է Չավուշօղլուն։
Նա նաև ընդգծել է Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի բացման համար անհրաժեշտ է կարգի բերել ենթակառուցվածքները։
«Այս ուղղությամբ տեխնիկապես աշխատանքներ են կատարվում։ Իրականացվում են նաև համատեղ որոշ աշխատանքներ, տեղում ուսումնասիրություններ»,- ասել է նա։
ԼԱՎՐՈՎԸ՝ ՌԴ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՄՆ ԵՎ ԵՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի իր պաշտոնակից Մուրատ Նուրտլեուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ արդյոք Մոսկվան վախենում է ԱՄՆ-ի և Եվրամիության գործակցությունից Ռուսաստանի հարևանների հետ:
«Եթե խոսքն իսկապես միջազգային իրավունքին համապատասխան իրավահավասար, թափանցիկ գործակցության մասին է, ապա ոչ ոք ոչ մի մտավախություն չի կարող ունենալ։ Իսկ եթե խոսքն այն մասին է, որ արևմտյան երկրները սպառնալիքներով և շանտաժով փորձեն ստիպել մեր դաշնակիցներին խաթարել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ապա մենք, իհարկե, չենք թաքցնի մեր վերաբերմունքը»,- նշել է Լավրովը, հավելել՝ Ղազախստանը և Ռուսաստանի մյուս գործընկերները ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում հասկանում են՝ ինչի մասին է խոսքը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԴ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ
Ռուսաստանի Պետդուման արագացված ընթացակարգով հաստատել է «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն նախատեսում է զինապարտների միասնական ռեեստրի ստեղծում: Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովի խոսքով՝ այս փոփոխությունների նպատակն է շտկել զինվորական հաշվառման համակարգի թերությունները, որոնք ի հայտ են եկել 2022 թվականին։
Փոփոխություններ են արվում նաև զորահավաքի ժամանակ քաղաքացիների իրազեկման կարգում. քաղաքացիները կծանուցվեն ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային ծանուցումները կունենան նույն իրավական ուժը, ինչ թղթային ավանդական ծանուցագրերը: Ընդ որում, էլեկտրոնային ծանուցագիրը կհամարվի հանձնված՝ քաղաքացու անձնական հաշվում հայտնվելուց հետո։
Օրենքի փոփոխությունները ենթադրում են նաև, որ զինկոմիսարիատից մոբիլիզացիայի ծանուցագիր ստացած զինապարտներին արգելվում է լքել Ռուսաստանի տարածքը, իսկ զինապարտ քաղաքացիների գրանցումը պահեստազորում կարող է իրականացվել առանց նրանց ներկայության:
ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսվում: Դմիտրի Պեսկովը կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել:
ՌԴ ԶՈՒ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԲԱԽՄՈՒՏԻ՝ ԱՎԵԼԻ ՔԱՆ 75 ՏՈԿՈՍԸ
Ռուսական ուժերը վերահսկում են Բախմուտի տարածքի ավելի քան 75%-ը՝ հայտարարել է Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատարը։ Դենիս Պուշիլինը նշել է, որ դեռ վաղ է խոսել ամբողջական վերահսկողության մասին, քաղաքի արևմտյան հատվածում կատաղի մարտերը շարունակվում են։
Նա նաև հավելել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ծառայողները ավելի վաղ դրոշ են բարձրացնել Բախմուտի վարչական շենքի վրա։ Ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, սակայն, հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն պատրաստվում լքել քաղաքը և դիմադրում են։
Դենիս Պուշիլինը նաև տեղեկացրել է, որ Մարյինկայի վրա վերահսկողություն հաստատել նույնպես դեռ չի հաջողվում, քանի որ ուկրաինական կողմը պարբերաբար նոր կենդանի ուժ և ռազմատեխնիկա է ներգրավում:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Վագների ջոկատները փորձում են գրավել Բախմուտի կենտրոնական հատվածը, այդ հարցում նրանց աջակցում են Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները։
Ուկրաինայի արևելքում կատաղի մարտերի ֆոնին հաճախակիացել են ուկրաինական Զինված ուժերի՝ մոտ ապագայում հակահարձակման անցնելու մասին լուրերը: Ուկրաինայի պաշտպանության նախարարը հաստատել է, որ երկիրը պատրաստվում է հակահարձակման, սակայն հստակ ժամկետներ չկան, քանի որ դա կախված է եղանակային պայմաններից և ռազմական մատակարարումներից։
ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Վրաստանի վարչապետն առաջին անգամ մեկնաբանել է օրեր առաջ վրացի 4 դատավորների դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները, ամերիկյան կողմը նրանց մեղադրում է կոռուպցիայի համար: Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ լիովին աջակցում է դատավորներին: Նա զգուշացրել է, որ երկրի դատական համակարգի աշխատանքին ցանկացած միջամտություն անընդունելի է։
«ԱՄՆ պետքարտուղարության որոշումը հիմնավորող որևէ ապացույց չենք տեսել»,- նշել է Ղարիբաշվիլին։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ 2.9 ՄԼՐԴ ԽՄ ԳԱԶ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ԵՎՐՈՊԱ
Ադրբեջանը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ավելացրել է գազի արտահանումը 11,2 %-ով՝ հասցնելով այդ ծավալը 6,5 մլրդ խորանարդ մետրի: Երկրի էներգետիկայի նախարար Պյարվիզ Շահբազովը տեղեկացրել է, որ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա կազմել է 2,9 մլրդ խմ կամ Ադրբեջանից մատակարարումների 45%-ը։
Ներկայում Եվրոպայում ադրբեջանական գազ են գնում Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան:
Թուրքիա մատակարարումները կազմել են 2,7 մլրդ խմ, իսկ Վրաստան՝ 0,9 մլրդ խմ:
ԲՈՒԴԱՊԵՇՏԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՌԴ ՀԵՏ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Բուդապեշտը երկարաձգել է Ռուսաստանի հետ գազի լրացուցիչ մատակարարումների մասին համաձայնագիրը, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարարը։ Պետեր Սիյարտոն նշել է, որ «Գազպրոմի» հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի գնել և մատակարարել ավելի մեծ ծավալների ռուսական գազ, քան նախատեսված էր նախորդ երկարաժամկետ պայմանագրերով՝ հիմնականում «Թուրքական հոսքի» միջոցով»:
Սիյարտոն հավելել է, որ համաձայնություն է ձեռք բերվել նաև գազի դիմաց վճարման ժամկետները հետաձգելու հնարավորության շուրջ:
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ ԺԱՅԹՔԵԼ Է ՇԻՎԵԼՈՒՉ ՀՐԱԲՈՒԽԸ
Կամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը, արտանետվել է 15 կմ բարձրությամբ մոխիր։ Ավիացիայի համար վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է սահմանվել: Տեղական բոլոր չվերթները հետաձգվել են: Մոտակա գյուղերը և ավանները թաղվել են հրաբխային փոշու մեջ: Իշխանությունները հորդորում են բնակիչներին մնալ տներում: