Համապատասխան նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել «Արտադրական կանեփի գործընթաց» եզրույթի բովանդակությունը՝ սահմանելով, որ արտադրական կանեփի բույսերի չորացումը նույնպես համարվում է արտադրական կանեփի գործընթաց։
Առողջապահության նախարար Լենա Նանուշյանն ԱԺ նիստում ներկայացրեց, որ Կառավարության համար սահմանվում է նաև լիազորող նորմ արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման վերաբերյալ պահանջները սահմանելու մասին։
«Առաջարկվում է հանել օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը, քանի որ դրա վերաբերյալ որևէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ։ Փոխարենը սահմանել, որ բիզնես ծրագրում ներկայացված անհրաժեշտ տվյալները հայտատուն կարող է ներկայացնել կից տեղեկանքով կամ հայտում նշում կատարելով»,- ասաց Նանուշյանը։