ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՋԻԵՎԻ ՀԵՏ
Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մուսավին Թվիթերում գրել է, որ կառուցողական ու անկեղծ քննարկում է ունեցել Հաջիևի հետ: Դեսպանը հույս է հայտնել, որ դիվանագիտական գործընթացի վերջնարդյունքը կծառայի երկու երկրների և տարածաշրջանի շահերին:
Վերջերս Բաքվի և Թեհրանի միջև սրվել էր դիվանագիտական առճակատումը: Կողմերը մեղադրում էին իրար ոչ բարեկամական քաղաքականություն վարելու համար: Թեհրանին նաև անհանգստացնում է Իսրայելի և Ադրբեջանի գործակցության խորացումը:
ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ՉԺՀ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՍԻ ԾԻՆՓԻՆ
Սի Ծինփինը Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակին հրամայել է նախապատրաստվել իրական մարտական գործողությունների: Երկրի նախագահը հանձնարարականը տվել է Գուանդուն նահանգում բանակի մարտական հրամանատարության հարավային շրջան ստուգայցի ժամանակ։ Սի Ծինփինը նաև ընդգծել է զինվորականների կրթության մեթոդների արդիականացման կարևորությունը։
«Ժողովրդաազատագրական բանակը պետք է բարելավի բարդ իրավիճակներին պատշաճ արձագանքելու կարողությունը և վճռականորեն պաշտպանի Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը և շահերը ծովում, ինչպես նաև պահպանի կայունությունը շրջակա տարածքներում»,- ասել է Սին։
Լրատվամիջոցները գրում են, որ Չինաստանի ղեկավարի հայտարարություններն արվել են Թայվանի մոտակայքում լայնածավալ զորավարժությունների և ավելի վաղ Կալիֆոռնիայում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի և Թայվանի վարչակազմի ղեկավարի նախապես չհայտարարված հանդիպման ֆոնին, որից հետո ամերիկյան կողմը հայտարարել էր Թայվանին զենք վաճառելու անհրաժեշտության մասին։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Բելֆաստում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը. կողմերը քննարկել են Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական զարգացումները և համաշխարհային տնտեսական խնդիրները։ Ռիշի Սունակը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին Հյուսիսային Իռլանդիայի բարգավաճման գործում Միացյալ Նահանգների ունեցած ավանդի համար:
Բայդենը, որը, ի դեպ, իռլանդական արմատներ ունի, հայտարարել է, որ Բրեքսիթի հետևանքով Հյուսիսային Իռլանդիան մի շարք դժվարությունների է բախվել: Նա կոչ է արել Լոնդոնին և ԵՄ առաջնորդներին լուծել առկա խնդիրները՝ ի շահ Հյուսիսային Իռլանդիայի:
Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ ընդգծել է, որ Վաշինգտոնը և Լոնդոնը մտերիմ դաշնակիցներ են, գործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Կիևին աջակցության հարցում:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐ ՉԵՆ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հերքել է Պենտագոնից հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր են տեղակայված: Ալեքսի Ռեզնիկովի խոսքով՝ Դաշինքի անդամների զինված ուժերի ներկայացուցիչներ կան միայն Ուկրաինայում այդ երկրների դեսպանատներում: Նա հավելել է, որ սոցցանցերում հայտնված ենթադրյալ գաղտնի փաստաթղթերում շատ տեղեկություններ կան, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Պենտագոնը հետաքննում է ուկրաինական զորքերն ուժեղացնելու՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին լուրերը։ Պաշտոնական Մոսկվան էլ հայտարարել է՝ կասկածներ չունեն, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուղղակի կամ անուղղակի ներգրավված են հակամարտության մեջ։
Մինչ այդ Վաշինգտոնը հետաքննում է Պենտագոնից արտահոսքի հանգամանքները: Դրանք պարունակում են տեղեկություններ ԱՄՆ անվտանգության ծառայությունների և ռազմական գերատեսչությունների աշխատանքի մասին: Լրատվամիջոցները գրում են, որ միջադեպը նույնիսկ ստիպել է Կիևին փոխել «ռազմական պլանները»: