Գլխավոր դատախազը միջնորդել էր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 65 կողմ, դեմ 0։
Հիշեցնենք՝ վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկման ժամանակ Մհեր Սահակյանը մոտեցել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին։ Հարվածի հետևանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մարմնական վնասվածք պատճառելը խուլիգանական դրդումներով։