Համացանցում հանրությանը հասանելի դարձած գաղտնի փաստաթղթերից պարզվել է, որ Ուկրաինայի տարածքում տեղակայված են արևմտյան մի քանի երկրի հատուկ ջոկատայիններ։
Ամենամեծ զորակազմը Մեծ Բրիտանիայից է՝ 50 մարդ, որին հաջորդում են Լատվիան՝ 17, Ֆրանսիան՝ 15 և ԱՄՆ-ը՝ 14: Պարզ չէ, թե կոնկրետ ինչով են զբաղված հատուկջոկատայինները, որտեղ են նրանք տեղակայված:
Ապրիլի սկզբին հայտնի դարձավ համացանցում «հույժ գաղտնի» նշումով ամերիկյան փաստաթղթերի արտահոսքի մասին, որոնք պարունակում են տվյալներ ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Սակայն դեռ չի հաստատվել դրանց բոլորի հավաստիությունը:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը Թվիթերում շտապել է մատնանշել հրապարակված հետախուզական նյութերի «անճշտությունը», բրիտանական հանրությանն էլ խորհուրդ է տվել «զգույշ լինել տվյալներին վստահելու հարցում»:
Հաղորդվում է, որ ԱՄՆ իշխանությունները փորձում են հեռացնել դրանք սոցցանցերից՝ միաժամանակ պարզելով արտահոսքի աղբյուրը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Պենտագոնի արտահոսքի փաստով։ «Վարչակազմը լուրջ է վերաբերվում խնդրին, և այդ թեմայով ճեպազրույցներ են անցկացվում ամեն օր»,- ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։