ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարին հարց ուղղեցին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա ելույթի մասին, որի ընթացքում նա ասում էր, թե միջազգային միջնորդները ջանքեր են գործադրում Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար:
«Մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը։ Այն պետք է տեղի ունենար Մոսկվայում անցած տարեվերջին։ Հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով։
Այստեղ առանցքային է նաև «հետաձգել» բառը։ Մենք պատրաստ ենք այժմ վերսկսել հանդիպումները։ Բայց նաև ուզում եմ ասել՝ նույնիսկ հանդիպման հետաձգման պարագայում կամ պայմաններում բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել։
Այդ հանդիպման հետաձգումից հետո մենք արդեն մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի առաջարկների կամ նախագծի շուրջ մեր և իրենց խմբագրական առաջարկները։
Ունեցել ենք ուղիղ և միջնորդավորված քննարկումներ»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում պարբերաբար տարբեր գործընկերների կողմից հնչեցվել են առաջարկներ կրկին հանդիպումներ կազմակերպելու հարցով։
«Առաջիկայում այդպիսի հանդիպումներ տեղի կունենան»,- ասաց նա։