«Հանդես ենք գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին, այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրում ՌԴ ՊՆ-ն, ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ։ Մեր հայ և ադրբեջանցի գործընկերներն այս հարցում մանրամասն առաջարկներ ունեն։ Տեղում խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին պարենով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը։ Մենք ակնկալում ենք իրավիճակի շուտափույթ լուծում՝ մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին:
Ինչ վերաբերում է Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քննարկումների վերաբերյալ մեր հարցին, Զախարովան չի ցանկացել բացահայտել բոլոր մանրամասները, քանի որ գործընթացը դեռ ավարտված չէ։ «Մենք աջակցում ենք Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգալից երկխոսության վերսկսմանը։ Համոզված ենք, որ նման ջերմացումը կնպաստի Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակին և էական ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման գործում։ Վերջին շրջանում գործընթացը մեծ թափ է հավաքում, և մենք կշարունակենք ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը»,- ասել է դիվանագետը։