Պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ բացում նրանց ուղղությամբ:
ՊՆ հաղորդագրության համաձայն` ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:
Ադրբեջանի ՊՆ-ն մինչդեռ հայտնել է 3 զոհի և վիրավորների մասին` պնդելով, թե հայկական կողմն է դիմել սադրանքի, իրենք պատասխան քայլեր են ձեռնարկել: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությամբ փորձ է արվում Հայաստանին մեղադրել նաև խաղաղության օրակարգը տապալելու համար:
Ադրբեջանական մեդիան նաև կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը իրանական անօդաչու թռչող սարքեր է կիրառում: Հայաստանի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը. Հայաստանի ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան, հայտարարել է պաշտպանական գերատեսչությունը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ գերատեսչությունը իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով հանդես կգա պարբերաբար:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: