ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին ապրիլի 11-13-ը կլինի Հայաստանում և Ադրբեջանում, հանդիպումներ կանցկացնի բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԵԱՀԿ-ն հայտնում է, որ Օսմանիի այցի նպատակը տարածաշրջանի երկրների և կազմակերպության միջև գործակցության ամրապնդումը, անվտանգային առկա մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասում երկխոսության միջոցով խաղաղության և կայունության խթանումն է։
Երեկ ԵԱՀԿ գործող նախագահն այցելել է Թբիլիսի, մի շարք հանդիպումներ անցկացրել երկրի վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այնուհետև Օսմանին ուղևորվել է Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքում գտնվող Օձիսի անցակետ՝ ծանոթանալու տեղում զարգացումներին։ Նա մտահոգություն է հայտնել, որ Օձիսիում ստեղծված իրավիճակը հակասում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին, շեշտել՝ մարդկանց ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի։
ԵԱՀԿ գործող նախագահը Վրաստանից ուղևորվել է Ադրբեջան:
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ ԱՅՍ ԱՄԱՌ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Արևմուտքը ճնշում չի գործադրում Կիևի վրա հակահարձակման ժամկետների հետ կապված, նման ճնշում ավելի շատ ուկրաինական հասարակության կողմից ենք զգում՝ հայտարարել է երկրի վարչապետը։
«Մեր բոլոր ընկերները հասկանում են, որ հակահարձակման անցնելու համար պետք է 100 տոկոսով պատրաստ լինենք: Այն կարող է սկսվել արդեն այս ամառ»,- հավելել է Դենիս Շմիհալը։
Նա ընդգծել է, որ Կիևին լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ՝ պատրաստվելու հակահարձակմանը: «Մեզ ավելի շատ հրետանի, զինամթերք, միջին և մեծ հեռահարության հրթիռներ, տանկեր և կործանիչներ են պետք»,- ասել է վարչապետը։
ՀԵՏԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Վաշինգտոնը հետաքննում է Պենտագոնից հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հանգամանքները: Դրանք պարունակում են տեղեկություններ ԱՄՆ անվտանգության ծառայությունների և ռազմական գերատեսչությունների աշխատանքի մասին: Վաշինգտոնն ուսումնասիրում է նաև այն ազդեցությունը, որ փաստաթղթերը կարող են ունենալ դաշնակիցների և գործընկերների վրա: Լրատվամիջոցները գրում են, որ միջադեպը նույնիսկ ստիպել է Կիևին փոխել «ռազմական պլանները»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է՝ Միացյալ Նահանգները կանի հնարավորը՝ պարզելու արտահոսքի աղբյուրը և ծավալները: Մինչ այդ Fox News-ը գրում է, որ սոցցանցերում հայտնված ամերիկյան գաղտնի փաստաթղթերի արտահոսքի աղբյուրը կարող է լինել Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ Օսթինի հետ ասուլիսում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը ստեղծված իրավիճակի հետ կապված քննարկումներ է անցկացնում դաշնակիցների հետ, և հավաստիացնում, որ Վաշինգտոնը հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին: Բլինքենը խոսել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ և վերահաստատել Կիևին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Reuters գործակալությունն էլ գրում է, որ գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ Սերբիան՝ միակ երկիրը Եվրոպայում, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն մահաբեր զենք է տրամադրել Կիևին։ Սերբիայի պաշտպանության նախարարը հերքել է այս տեղեկությունները: «Բելգրադը զենք չի վաճառել և չի վաճառի ո՛չ Կիևին, ո՛չ Մոսկվային»,- նշել է Միլոշ Վուչևիչը:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 8490 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁ. ՄԱԿ
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր զոհվել է 8490 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը 14.244 է: Միաժամանակ, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդգծում է, որ այս թվերը չեն արտացոլում Ուկրաինայի բնակիչների շրջանում կորուստների իրական պատկերը: Զոհերի և վիրավորների թիվը, միանշանակ, ավելի մեծ է:
Նշվում է, որ գրասենյակը տուժածների մասին տեղեկությունների է սպասում որոշ բնակավայրերից, որտեղ ամենաինտենսիվ մարտերն են գրանցվել: Խոսքը Մարիուպոլի, Իզյումի, Լիսիչանսկի, Պոպասնայի և Սևերոդոնեցկի մասին է: