ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Ադրբեջան: Նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը։ Կողմերը քննարկել են զարգացումները Հարավային Կովկասում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, մասնավորապես ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած էսկալացիան, որի հետևանքով կողմերն ունեն զոհեր և վիրավորներ:
Իլհամ Ալիևը տեղի ունեցածի համար մեղադրել է Հայաստանին: Նա հայտարարել է, թե իբր հայկական կողմը դիմել է կանխամտածված սադրանքի:
Բույար Օսմանիին ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը: Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերից Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ուղիղ շփումները դադարեցվել են։
Նա դժգոհել է, որ հայկական կողմը արագ տեմպերով շինարարական աշխատանքներ է իրականացնում միջադեպի վայրին հարող տարածքներում՝ դրանք գնահատելով ապակառուցողական և վտանգավոր գործողություններ, լի ծանր հետևանքներով։
ԵԱՀԿ գործող նախագահы, իր հերթին, կոչ է արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանում: Նա ընդգծել է, որ ցանկացած զինված միջադեպ, այդ թվում՝ երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը, կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր էսկալացիայի։
«Բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ-ի նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին»,- ասել է Բույար Օսմանին:
Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարը նաև հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները շարունակելու օգտին, ինչը, ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով, կնպաստի հարաբերությունների կարգավորմանը։
Տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջան մեկնելուց առաջ ԵԱՀԿ նախագահը արդեն եղել է Վրաստանում, իսկ Բաքվից հետո նախատեսված է նրա այցը նաև Երևան: