ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին։
«Կարծում եմ, որ մենք ֆունդամենտալ պետք է անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիների ընթացքում։ Այդտեղ մենք ունենք երկու մաս՝ մինչև Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյան սկզբունքներից հետո։
Մինչև Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և Խորհրդային Միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, և ինչպես Խորհրդային Միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը, ստացել են անկախություն, այնպես էլ ԼՂ-ն այդ իրավունքն իրացրել է։
Հետևաբար չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային Միությունից։ 2007 թվականին իշխանության տրանսֆորմացիայի շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, այդ ժամանակ ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ և՛ ընդգծվում էր տարածքային ամբողջական սկզբունքը, և՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը ինչ-որ մի մեխանիզմով, և այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից։
Այստեղ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև եթե Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմերի դիրքորոշումն այն էր, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել, հիմա էլ՝ չի, հետևաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է և չլինել, որովհետև ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։
Այստեղ հարց է ծագում՝ եթե ԼՂ-ն, մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։
«Մեր սխալն է, որ պետք է այն ժամանակ կանգնեինք, ասեինք՝ ժողովո՛ւրդ, սա է վիճակը, եկեք որոշենք՝ ինչ ենք անելու։ Մենք մտածել ենք, որ ինչ-որ ձևերով այս թակարդից հնարավոր է դուրս գալ կամ գոնե մեր պարտքն է մեզնից կախվածն անել այդ թակարդից դուրս գալու համար։ Բայց քանի որ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք չկարողացանք դա անել»,- ասաց Փաշինյանը։