2022-2023 թթ. ուսումնական տարում ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ կապված իրավական խնդիրը կարգավորվել է, առաջին կիսամյակի համար փոխհատուցումը կատարվելու է իրավահարաբերության ժամանակ գործող կառավարության որոշմամբ սահմանված կարգով ու չափով: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորող Արցախի Հանրապետության կառավարության 152-Ն առ 01.03.2021 թ. որոշման մեջ 20.12.2022 թ. կատարվել էր փոփոխություն, որով վերանայվել էին 2022-2023 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման կարգն ու պայմանները, ինչը որոշակի խնդիրներ էր առաջացրել ուսանողների համար:
Արցախի Հանրապետության կառավարության հիշյալ որոշման մեջ կրկին կատարվել է փոփոխություն, և 2022-2023 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման համար սահմանվել են նույն պայմաններն ու կարգը, որը գործում էր տվյալ ժամանակահատվածում»:
Միաժամանակ պետնախարարը նշել է, որ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը պետք է հետապնդի ուսումնական գործընթացի արդյունարարությունը բարձրացնելու, ուսանողի կողմից գիտելիք ստանալու մոտիվացիան ուժեղացնելու, առավել բարձր մասնագիտական ու որակական հատկանիշներով օժտված կադր ձևավորելու նպատակ:
«Մինչդեռ գործող կարգով սահմանված իրավակարգավորումները բավարար չեն այդ նպատակն ապահովելու համար, ուստի նախատեսված ծրագիրը գործելու է մինչև 2022-2023 թթ. ուսումնական տարվա ավարտը, որից հետո պետք է մշակվի ու իրագործվի առավել խոր հետազոտությունների ու վերլուծությունների վրա կառուցված գիտակրթահենք նոր ծրագիր»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը: