Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից և նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, այդ թվում՝ գազալիցքավորման կայաններ Երևանում և Տավուշում: Ըստ դատախազության՝ նրանց օրինական եկամուտների հանրագումարը 2002-ից 21 թվականներին շուրջ 1 մլրդ 873 միլիոն դրամ է եղել, իսկ ծախսերը հասել են 4 միլիարդ 884 միլիոն դրամի:
Նաիրա Արտաշեսյան (Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, չեխական ընկերությունում նշված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը, բացի այդ, երեք տրանսպորտային միջոց և նաև ավելի քան 389 միլիոնի դրամական պահանջ, որը 2002-ից 2022-ի ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Դատախազի խոսքով՝ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի ընդհանուր շուկայական արժեքը, ըստ փորձաքննության, ավելի քան 1 միլիարդ 260 միլիոն դրամ է, իսկ բռնագանձման ենթակա չեխական ընկերությունում ձեռք բերված բաժնեմասերը` ավելի քան 1 միլիոն 800 հազար դրամ:
Նաիրա Արտաշեսյան - Չեխական ընկերությունում բաժնեմասեր ունեն և Աբովյանը, և կինը` Աննա Ազատյանը. ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առուվաճառքով, վարձակալությամբ և այն տարիներին, երբ ձեռք է բերվել բաժնեմասը, չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով:
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց այս գործով հայցի քննությունը: Դատախազը հայցի հիմքն ու առարկան ներկայացրել էր նախորդ նիստին, այս անգամ դիրքորոշում հայտնեց պատասխանող կողմը, նշեց՝ չեն ընդունում ներկայացված պահանջը: Ներկայացուցիչները հայտնեցին՝ Հովիկ Աբովյանի ընտանիքը զբաղվել է գյուղատնտեսությամբ, ինչը ապահովել է ընտանիքի կայուն եկամուտը, բացի այդ, տարբեր բանկերում ունեցել են ավանդներ:
Ներկայացուցիչներից Կարեն Հակոբյանն ասաց՝ իրենք ևս գույքի արժեքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ ունեն, որոնք էականորեն տարբերվում են դատախազության ներկայացրած փորձաքննությունից:
Կարեն Հակոբյան (Հովիկ Աբովյանի ներկայացուցիչ) - Օրինակ, Բագրատաշեն համայնքի 19 փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հասարակական շենքի շինարարական աշխատանքների ներդրումային արժեքը ըստ «Պրոէքսպերտ ՍՊԸ»-ի կողմից կատարված շինարարական տեխնիկական փորձաքննության արդյունքի, 2022 թվականի փորձագիտական եզրակացությամբ կարող էր կազմել 37 միլիոն 680 հազար դրամ: Իսկ դատախազության կողմից այս շենքի կառուցման արժեքը 2002-2005 թվականների ժամանակահատվածում կազմել է 241 միլիոն 670 հազար դրամից մինչև 295 միլիոն 380 հազար դրամ:
Խոսելով ապօրինի գնահատված գույքի մասին` Հակոբյանը նշեց, որ իր վստահորդները ապօրինի ծագման գույք չունեն:
Կարեն Հակոբյան - Դատախազության կողմից որպես ապօրինի դիտարկվող և ենթադրաբար բռնագանձման ենթակա բոլոր գույքերը համարվում են օրինական, հիմնավորված են Հովիկ Աբովյանի` այդ գույքերի ձեռքբերման պահին առկա օրինական եկամուտներով:
Չնայած դրան` պատասխանող կողմն ասաց՝ պատրաստ են փնտրել հաշտության եզրեր: Դատարանը որոշեց հնարավորություն ընձեռել կողմերին բանակցել հաշտություն կնքելու շուրջ:
Նշենք, որ հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։
Հեղինակ` Տաթև Խաչատրյան