Ռեկորդային դրամական փոխանցումներ՝ այս տարվա փետրվարին: Տարվա 2-րդ ամսին արտերկրից հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 713 մլն 946 հազար դոլար: Սա 1 ամսվա կտրվածքով երբևէ գրանցված ամենամեծ արդյունքն է: Համեմատության համար՝ 2022-ի փետրվարին այդ թիվը՝ 180 մլն 121 հազար դոլար էր, 2021-ի նույն ամսին՝ 131 մլն 705 հազար:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Այն, որ կարճաժամկետ միտում էր որոշ ժամանակ առաջ, այժմ վերածվել է իներցիոն միտումի և կարող է այդ միտման հետ կապված պրոցեսը շարունակվել: Ինչ վերաբերում է հարցին` արդյոք դա օգտակար է մեզ համար, թե վնասակար կողմեր ևս ունի, որովհետև շատ է քննարկվում նաև այն դեպքը, որ այդ կարճաժամկետ գործոնը կարող է բավականին շուտ չեզոքանալ, այսինքն` պատերազմի ավարտ և ռուսների` հետ վերադառնալ: Անգամ այդ պարագայում պետք է համարել դա տնտեսության համար լուրջ դրական գործոն, խթան:
Այս տարի փոխանցված գումարի մեծ մասը՝ 84.2 տոկոսը, Ռուսաստանից է եղել, 6.2-ը` ԱՄՆ-ից, 9.6 տոկոսն` այլ երկրներից: Նույն ամսին արտահոսքը կազմել է 381 մլն 820 հազար դոլար: Երկրում մնացել է մոտ 332 մլն դոլարը:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Այդ հոսքերը հիմնականում սպասարկում են ներմուծումը, և ներմուծման էլի բազմապատիկ աճի պայմաններում, բնականաբար, մենք պետք է ունենանք արտահոսքի ավելացում:
Մասնագետների գնահատմամբ՝ որակական տեղաշարժ կա, դրսից եկամուտ ստացողները մեկ տարուց ավելի է` հաստատվել են մեր երկրում:
Արմեն Քթոյան - Անորոշությունը դեռ շարունակվում է, բնականաբար, արդեն փորձ է արվում ապահովագրվել այն ռիսկերից, որոնք ավելի երկարաժամկետ, տևական բնույթ ունեն ու, ինչու ոչ, նաև, եթե նախկինում Հայաստանը դիտարկվում էր որպես ռելոկացիայի ժամանակավոր վայր, որտեղ դու պարզապես ապրում ես և ընթացիկ տնտեսական գործունեություն ես իրականացնում, այս ժամանակահատվածը բավարար էր նաև ներդրումային դաշտն ուսումնասիրելու և այսպես որոշակի կապիտալ, ակտիվներ ձեռք բերելու համար:
Վիլեն Խաչատրյանի կարծիքով` տրանսֆերտների հոսքն արագացնում է դրամի շրջանառությունը, որն էլ տնտեսության ակտիվության ցուցանիշներից է:
Վիլեն Խաչատրյան - Իսկ սա նշանակում է, որ տարբեր ոլորտների ծրագրերի իրականացման համար գումարներ են ի հայտ գալիս, և այդ գումարները, հատկապես այդ փոխանցումների, միջնորդավճարների, շահութաբերության աճի առումով և այլն, արտահայտվում են:
Այս հոսքերն իրենց հերթին նպաստել են դրամի կայունությանը, ինչն օգնել է նաև ներմուծվող ապրանքների գների զսպմանը, ընդգծում է Արմեն Քթոյանը: Ընթացիկ տարվա առաջին 2 ամսում արտերկրից հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց արդեն փոխանցվել է ավելի քան 1 մլրդ 100 մլն դոլար:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան