Ռուսական ուժերը վերահսկում են Բախմուտի տարածքի ավելի քան 75 տոկոսը՝ հայտարարել է Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը: Նա նշել է, որ դեռ վաղ է խոսել ամբողջական վերահսկողության մասին. քաղաքի արևմտյան հատվածում կատաղի մարտերը շարունակվում են։
Պուշիլինը հավելել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ծառայողները ավելի վաղ դրոշ են բարձրացնել Բախմուտի վարչական շենքի վրա։ Ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, սակայն, հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն պատրաստվում լքել քաղաքը և դիմադրում են։
Պուշիլինը նաև տեղեկացրել է, որ Մարյինկայի վրա վերահսկողություն հաստատել նույնպես դեռ չի հաջողվում, քանի որ ուկրաինական կողմը պարբերաբար նոր կենդանի ուժ և ռազմատեխնիկա է ներգրավում:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ «Վագների» ջոկատները փորձում են գրավել Բախմուտի կենտրոնական հատվածը, այդ հարցում նրանց աջակցում են Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները։
Ուկրաինայի արևելքում կատաղի մարտերի ֆոնին հաճախակիացել են ուկրաինական Զինված ուժերի՝ մոտ ապագայում հակահարձակման անցնելու մասին լուրերը: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկրի պաշտպանության ուժերը պատրաստվում են հակահարձակման, սակայն հստակ ժամկետներ չկան, քանի որ դա կախված է եղանակային պայմաններից և ռազմական մատակարարումների դինամիկայից։