Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար երկու երկրի ներկայացուցիչների հանդիպում առաջկայում դեռ չի սպասվում, կան պայմանավորվածություններ, որոնք իրագործելու ուղղությամբ են աշխատանքներն այս փուլում ընթանում: Այս մասին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն է տեղեկացրել:
Անիի կամրջի համատեղ վերականգնման ուղղությամբ, որի պայմանավորվածությունը կողմերը ձեռք էին բերել Արարատ Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի ժամանակ, դեռ աշխատանքներ չեն տարել, առաջիկայում են սպասվում՝ նշել է Ռուբինյանը ու վերահաստատել պայմանավորվածությունը, ըստ որի՝ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
Ռուբեն Ռուբինյան (Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ) - Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար: Թուրքական կողմը նշել է, որ իրենք ևս պատրաստվում են:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան