Կանխել բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը, ապահովել խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված մեխանիզմները: Արդարադատության նախարարությունը մշակել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը. այստեղ ներառված են առաջիկա 3 տարում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին ուղղված միջոցառումները:
Կարեն Կարապետյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Գործողությունների ծրագիրն անդրադառնում է ֆունդամենտալ մարդու իրավունքների հիմնական 13 ուղղություններին, որոնք ներառում են կյանքի իրավունքը, խոշտանգումների դեմ պայքարի իրավունքը, կրթության, սոցիալական, մինիմալ կարիքների ապահովման, ձայնի իրավունքը և այլն:
Ծրագրում տեղ են գտել ինչպես ներկայումս գոյություն ունեցող, այնպես էլ նախկին՝ հետաձգված խնդիրները: Փոխնախարարը հատկապես կարևոր է համարում զինված ուժերում մահվան դեպքերի և ազատազրկման վայրերում ինքնասպանությունների նախաքննման միջոցառումների հայեցակարգերի մշակումը, մարդու իրավունքների ու վատ վերաբերունքի թեմաներով շարունակական վերապատրաստումը, նաև տարբեր հաստատություններում խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ անանուն հաղորդակցությունների ինստիտուտի ներդրումը: Կարապետյանի խոսքով՝ նոր գործողությունների ծրագիրն իրականացվելու է նորարարական մեխանիզմներով:
Կարեն Կարապետյան - Առաջին անգամ այս ոլորտում փորձագիտական խմբի և արդարադատության նախարարության կողմից մաքսիմալ ներառականության և համախմբված աշխատանքի գործողությունների միտում ցուցաբերվեց: Ստեղծվեցին ենթաաշխատանքային խմբեր, որոնք ֆոկուսային քննարկումների ընթացքում վեր էին հանում այն հիմնարար խնդիրները, որոնք ունենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Գործողությունների ծրագրի իրականացմանը աջակցում են Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որոնք էլ փորձագիտական խմբերի միջոցով իրականացնում են վերահսկողությունը: Գործընթացը մի քանի փուլից է բաղկացած:
Տիգրան Գրիգորյան (ՄԱԶԾ մարդու իրավունքների փորձագետ) - Նախ հավաքագրվել են պետական մարմիններից և ՀԿ-ներից մի շարք առաջարկություններ: Դրանք բազմազան են, գործողությունների տեսքով առանձին՝ սկսած կյանքի իրավունքից, արդարադատաքննության իրավունքից մինչև կրթության իրավունք, երեխաների իրավունքներ: Այնուհետև տեղի են ունեցել սեկտորալ քննարկումներ, և զուգահեռաբար իրականացվել է 2020-22-ի գործողությունների ծրագրի գնահատում:
Նախորդ երեք տարում կորոնավիրուսը և պատերազմը խանգարել են լիարժեք կատարել 2020-22 թթ. գործողություների ծրագիրը. նախարարությունում հույս ունեն այս անգամ ամբողջությամբ իրականացնել փաստաթղթում ներառված կետերը և լրացնել նախորդ բացթողումները:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան