Մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտի հիմքում, ըստ ՄԻՊ-ի թեկնածու Անահիտ Մանասյանի, ընկած են արժանապատվության և հանդուրժողականության գաղափարները: Այս մասին նա ասաց ԱԺ նիստի ընթացքում:
«Մարդու իրավունքների պաշտպանն ընդդիմադիր կամ քաղաքական գործիչ չէ: Ես իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող ամբողջ խոսույթը կառուցելու եմ հենց այդ գաղափարը նկատի ունենալով: Պատրաստ եմ և ձգտելու եմ դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով ՄԻՊ ինստիտուտը որևէ տեսակի քաղաքական շահարկումից»,- ասաց Մանասյանը:
Իր առաջնային նպատակն այս պաշտոնում նա համարում է հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատվության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձևավորումը:
«ՄԻՊ պաշտոնում իմ հիմնական գործիքը չեմ համարում բացառապես քննադատական հայտարարություններ անելը, թեև սա ևս շատ կարևոր գործիք է: Լայն ծավալով օգտվելու եմ միջազգային պրակտիկայում լայն տարածում ունեցող 2 այլ կարևոր գործառույթներից՝ հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով իրավունքների պաշտպանության բնագավառը կատարելագործելու գործիքներից»,- ասաց Մանասյանը: