Ամենատաք գարնան սկիզբը՝ Հայաստանի վերջին 90 տարիների ընթացքում: Հիդոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում տարեկան միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,4 նիշով: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր ջերմաստիճանի աճի միտումներն ավելի բարձր են, քան Եվրոպայի միջինը:
Լևոն Ազիզյան («Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Եթե այս տարի Արարատյան դաշտում համատարած ծաղկել է մարտի 19-ին, ապա անցած տարի ծիրանենիների ծաղկում դիտվել է ապրիլի 10-ին: Այսինքն՝ այս տարի վեգետացիան մոտ մեկ ամիս ավելի առաջ է անցյալ տարվա համեմատ:
2022-ի համեմատությամբ այս տարի ձնածածկույթը մոտ մեկ մետրով պակաս է եղել, ինչը բացասական ազդեցություն կունենա ջրամբարների լցվածության վրա: Ազիզյանի խոսքով՝ չնայած այս պահին հինգ խոշոր ջրամբարներում մոտ 315 մլն խորանարդ մետր ջուր է կուտակվել՝ հիմնականում նախորդ տարվանից մնացած, այնուամենայնիվ, հիդոօդերևութաբանական պայմանները նպաստավոր չեն:
Լևոն Ազիզյան - Կանխատեսվում է, որ Ախուրյանի և Արփի լիճ ջրամբարներում ջրալցվածությունը կկազմի 65-70 տոկոս, Ապարանինը՝ 45-50, Մարմարիկը և Ազատը՝ 75-80 տոկոս: Համեմատության համար նշեմ, որ մոտ 20 տոկոսով պակաս ցուցանիշներ են կանխատեսվում:
Ոլորտի մասնագետները նշում են՝ գլոբալ տաքացման հետևանքով տարեցտարի պակասում է ջրային ռեսուրսների ծավալը: Ըստ շրջակա միջավայրի նախարարության կանխատեսումների՝ 2030-ին կլիման ևս 1 աստիճանով կտաքանա, տեղումները 3 տոկոսով կնվազեն, ձնածածկույթը կպակասի 7-11 տոկոսով, ջրի հոսքն էլ 6,7 տոկոսով քիչ կլինի, ինչը բացասական ազդեցություն կունենա ամբողջ երկրագնդի վրա: Ջրային կոմիտեի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանի խոսքով՝ խնդիրը որոշակիորեն լուծելու համար պետք է վերակառուցվի ոռոգման համակարգը՝ նվազեցնելու ջրի կորուստները, ջրի խնայողության առաջադեմ մեթոդներ կիրառվեն, և Սևանա լճի ջրային պաշարները համալրվեն:
Հովհաննես Թոքմաջյան (ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ) - Այս առումով մենք արդեն այսօրվանից պետք է պատրաստվենք ջրամբարաշինարարական ծրագրերի իրականացման, որ կարողանանք մոտալուտ ջրային դեֆիցիտը փակել և ճիշտ կառավարելու դեպքում ավելցուկ կուտակված ջուրը նաև արտահանել:
Մասնագետները ահազանգում են՝ եթե ապրիլ-մայիսին նորմայից բարձր տեղումներ չլինեն, այս տարի ջրային ռեսուրսները 20-30 տոկոսով քիչ կլինեն, քան 2022-ին:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան