Մևլութ Չավուշօղլուն թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, պատասխանել երկու երկրում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հավանականության մասին հարցին:
«Մոտ ապագայում դա կարող է չլինել։ Նախ պետք է մյուս քայլերը կատարենք»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ թուրքական կողմի համար կարևոր է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացը, և Անկարան աջակցում է կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Թուրք դիվանագետը կարևորել է տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ ընդգծելով, որ այժմ Արևելք-Արևմուտք` «Միջին» միջանցքը կենսական նշանակություն է ձեռք բերել։
«Հայաստանի հետ մեր օդային տարածքն ենք բացել, օդային բեռնափոխադրումներ, երկկողմ թռիչքներ ենք սկսել։ Մեր օդային տարածքով Հայաստանի ավիաընկերությունները երրորդ երկրներ էլ են կարողանում թռչել»,- մանրամասնել է Չավուշօղլուն։
Նա նաև ընդգծել է Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի բացման համար անհրաժեշտ է կարգի բերել ենթակառուցվածքները։
«Այս ուղղությամբ տեխնիկապես աշխատանքներ են կատարվում։ Իրականացվում են նաև համատեղ որոշ աշխատանքներ, տեղում ուսումնասիրություններ»,- ասել է նա։
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ-ԹՈՒՐՔԻԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնման ուղիները, ինչպես նաև միջազգային զարգացումները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Նշվում է, որ Անկարան քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի նաև Եմենի և Քուվեյթի հետ։
ԲԱՔՈՒՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Բաքուն հետաքրքրված է բոլոր երկրների, այդ թվում՝ Թեհրանի հետ բարիդրացիական հարաբերություններով և դրական է գնահատում Ադրբեջանի ու Իրանի արտաքին գործերի նախարարների վերջին հեռախոսազրույցները՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: Այխան Հաջիզադեն նշել է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա խնդիրները:
«Տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ փոխադարձ հարգանքը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Բաքուն շարունակում է ջանքեր գործադրել իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Հաջիզադեն:
ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Վրաստանի վարչապետն առաջին անգամ մեկնաբանել է օրեր առաջ վրացի 4 դատավորների դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները. ամերիկյան կողմը նրանց մեղադրում է կոռուպցիայի համար: Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ լիովին աջակցում է դատավորներին: Նա զգուշացրել է, որ երկրի դատական համակարգի աշխատանքին ցանկացած միջամտություն անընդունելի է։
«ԱՄՆ պետքարտուղարության որոշումը հիմնավորող որևէ ապացույց չենք տեսել»,- նշել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ մտավախություն է հայտնել, որ չորս բարձրաստիճան դատավորների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ և ազդել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա:
ՀՆԴԿԱՍՏԱՆՆ ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Հունաստանն ու Հնդկաստանը ապրիլի 18-28-ը Միջերկրական ծովի երկնքում լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ կանցկացնեն։ Վարժանքներին Հնդկաստանի կողմից կմասնակցեն Սու-30 ինքնաթիռներ, F-16, իսկ Հունաստանի կողմից՝ Rafale կործանիչներ։ Ինքնաթիռները պայմանական աջակցություն կցուցաբերեն ցամաքային և ծովային ուժերին: Վերջիններս նույնպես կներգրավվեն զորավարժություններին։
ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՊԱՇՏՈՆՈՒՄ
Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական և սիրիական օբյեկտներին՝ ի պատասխան Արաբական Հանրապետության տարածքից վերջին գնդակոծությունների՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը: «Սիրիայի նախագահը լավ գիտի, որ սա միայն սկիզբն է: Եթե շարունակեն հրթիռակոծել Իսրայելը, Բաշար ալ-Ասադի ռեժիմը շատ լուրջ գին կվճարի դրա համար»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։
Նա նաև տեղեկացրել է, որ Յոավ Գալանտը, որն ավելի վաղ հեռացվել էր Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից, կշարունակի պաշտոնավարել: «Մենք լուրջ տարաձայնություններ ունեինք, բայց ես որոշեցի դա մի կողմ դնել»,- ասել է վարչապետը։
Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ հունվարից շարունակվող բողոքի ցույցերը սրվեցին, երբ Բենիամիան Նեթանյահուն հայտարարեց, որ պաշտոնից ազատում է Յոավ Գալանտին, որն ավելի վաղ դատաիրավական փոփոխությունների նախագիծն անվանել էր սպառնալիք երկրի անվտանգությանը: Նեթանյահուն այնուհետև ստիպված էր հայտարարել փոփոխությունների հաստատումը առնվազն մինչև ամառ կասեցնելու մասին։
Չնայած դրան՝ Իսրայելում ակցիաները և գործադուլները չեն դադարում: Թել Ավիվում տասնյակ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ, հակակառավարական կոչեր հնչեցրել, պահանջել չեղարկել դատաիրավական փոփոխությունները, որոնցով, քաղաքացիների կարծիքով, Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը:
ԲԱՅԴԵՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը չեղարկելու մասին օրենքը՝ հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Առողջապահության ոլորտում արտակարգ դրություն էր մտցվել 2020 թվականի մարտին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այն թույլ էր տալիս վարչակազմին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել, այդ թվում՝ առանց Կոնգրեսի համաձայնության։
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ ԺԱՅԹՔԵԼ Է ՇԻՎԵԼՈՒՉ ՀՐԱԲՈՒԽԸ
Կամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը, արտանետվել է 15 կմ բարձրությամբ մոխիր։ Ավիացիայի համար վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է սահմանվել: Տեղական բոլոր չվերթերը հետաձգվել են, միջազգային չվերթները շարունակվում են:
Վտանգ կա, որ շիկացած հոսքերը կարող են փակել Պետրոպավլովսկ-Կամչատսկի-Ուստ-Կամչատսկ ավտոմայրուղին: Մոտակա գյուղերի և ավանների բնակիչներին իշխանությունները հորդորում են մնալ տալը: