ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուն:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ կարևորելով ծրագրի արդյունավետ իրագործումը ՀՀ մարզային դպրոցներում:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ, իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 հազար երեխայի ապահովելով առողջ սննդով:
««Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ցանկանում ենք ներդնել նաև Երևանում: Բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել՝ հասկանալու, թե որ մոդելով է առավել արդյունավետ ծրագիրն իրագործել Երևանում: Գործընկերների հետ տարիներ շարունակ արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր կարելի է փաստել, որ իրականացվել են ծրագրի կարևորագույն նպատակները, որոնք են՝ համախմբել համայնքի ջանքերը և ապահովել առողջ սնունդ»,- ասել է նախարարը:
Նա նաև շեշտել է, որ գործընկերների հետ համագործակցությամբ ծրագրի շրջանակում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները, բարելավվել ենթակառուցվածքները: Ըստ նախարարի՝ դիտարկվում է ծրագրի ընդլայնման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը Կորին Ֆլեյշերին տեղեկացրել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներդրումը ՀՀ-ում կարելի է հաջողված համարել, և այն փորձը, որն արդեն շոշափելի է, կարող է օրինակ լինել նաև այլ երկրների համար:
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերն անդրադարձել է համագործակցության շարունակությանը, խոսել է ՊՀԾ Հայաստանի ռազմավարության ու առաջիկա անելիքների մասին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած պարենային և կրթական խնդիրներին: Նա նշել է, որ այս տարվա հունվարին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին նամակ է ուղղվել, որում կոչ է արվել ՄԱԿ-ի ՊՀԾ-ին օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց հիմնարար իրավունքները:
Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: