Ստամբուլի Աթաթյուրքի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկին՝ Կարպիս Զաքարյանին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Կենտրոնը հյուրընկալել էր նաև Զաքարյանին նվիրված ցուցահանդես, որի շրջանակում ներկայացված էին Զաքարյանի մրցանակները, սպորտային կարիերային և անձնական կյանքին նվիրված տարբեր փաստեր։ Հայազգի բռնցքամարտիկին նվիրված «Ոսկե սրտով ձեռնոց» վավերագրական ֆիլմի պրեմիերային ներկա էին Ստամբուլի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, հայոց պատրիարքը, կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդը, բռնցքամարտի ոլորտում հայտնի գործիչներ և Զաքարյանի հարազատները։
Ֆիլմի պրոդյուսերը «Լույս Մեդիայից» Հարություն Քուրանն է, ով Կարպիս Զաքարյանիի մասին գրքի հեղինակ Արամ Քուրանի որդին է։
Հարություն Քուրան (Վավերագրական ֆիլմի պրոդյուսեր) - Վավերագրական ֆիլմի գաղափարը հորս՝ Արամ Քուրանին է պատկանում. տասը տարի առաջ համանուն գիրքը հրատարակեց։ Ժամանակին հայրս նաև տեսագրել է Կարպիս Զաքարյանին։ Նա շատ վաստակավոր մարզիկ էր։
Կարպիս Զաքարյանը ծնվել է 1930 թվականին։ Վաղ տարիքում ապրուստ վաստակելու համար սկսել է համայնքային թերթեր բաժանել։ Չնայած տնտեսական դժվարություններին՝ սկսել է զբաղվել նախ սիրողական, ապա` պրոֆեսիոնալ բռնցքամարտով։ Երկրորդ համաշախարհայինից հետո միջազգային ասպարեզում մարտեր անցկացրած եզակի մարզիկներից է, եղել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: Զաքարյանը նաև բավական հաջող մարզական գործունեություն է ծավալել:
Հարություն Քուրան - Կարպիս Զաքարյանը Թուրքիայի առաջին ազգային բռնցքամարտիկն է։ Բացի այդ, նա մարզել է նաև Ջեմալ Քամաջային, որը մինչ օրս բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած Թուրքիայի միակ բռնցքամարտիկն է։ Ֆիլմում բռնցքամարտի կարիերայի հետ մեկտեղ Կարպիս Զաքարյանի կյանքն ենք տեսնում՝ ընտանիքը, ուրախ և տխուր շրջանները, ձեռքբերումներն ու դժվարությունները։
Հանրահայտ հայ բռնցքամարտիկը կյանքին հրաժեշտ է տվել 2020 թվականին։ Վավերագրական ֆիլմում բռնցքամարտիկի ընկերները, հարազատները, սպորտի բնագավառի հայտնի դեմքերը պատմում են իրենց հիշողությունները Կարպիս Զաքարյանի ինչպես մասնագիտական կարիերայի, այնպես էլ անձնական կյանքի մասին: Ֆիլմի ռեժիսորը շատ է կարևորում «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Զաքարյանի ժառանգությունը ապագա սերունդներին փոխանցելը։
Հարություն Արտո Դավուլջյան (Վավերագրական ֆիլմի ռեժիսոր) - Ուրախ եմ, որ Կարպիս Զաքարյանի կյանքը և մեր մշակույթը ներկայացնում ենք մեծ էկրաններին։ Կարպիս Զաքարյանի պատմությունը շատ արժեքավոր է. մեծ դժվարություններ հաղթահարելով՝ հանդես է եկել միջազգային ասպարեզում, ամբողջ աշխարհում սպորտային մրցույթների է մասնակցել։ Նա սպորտի բնագավառում հաջողակ էր, միևնույն ժամանակ կարողանում էր իր շրջապատում բարություն տարածել։ Այդ բարությունը ապագա սերունդներին ներկայացնելը շատ կարևոր էր։
Միջոցառմանը ներկա էր նաև բռնցքամարտիկի որդին՝ Գասպար Զաքարյանը, ով որպես երախտիքի նշան` Արամ Քուրանին նվիրեց հոր նվաճած գավաթներից մեկը։ Նա իր խոսքում նշեց, որ հպարտանում է հոր ժառանգությամբ և ուրախ է, որ նրա կյանքը ներկայացնող ֆիլմը շուտով հասանելի կլինի հանրությանը:
Հեղինակ` Վարդուհի Բալյան