Ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիներն արդեն երկրորդ անգամ անարգել ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ այդ հարցը ոչ թե քաղաքական մեկնաբանություն է ենթադրում, այլ ՊՆ և ԱԱԾ լիազորությունների շրջանակում է:
Սարգիս Խանդանյանը, սակայն, շեշտել է՝ Հայաստան ներխուժածներին մեր գերիների հետ փոխանակելու հարց առնվազն խմբակցությունում չի քննարկվել, Երևանը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը՝ չբանակցել մարդկային կյանքերի հաշվին, ու շարունակում է պահանջել բոլո՛ր գերիների անհապաղ վերադարձ:
Պատգամավորը շեշտել է՝ այսօր Շիրակում ճանապարհ փակած հարազատներին հասկանում է, և ամեն ինչ պետք է արվի հարցին շուտափույթ լուծում տալու համար:
Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու հարցում գնդակը Երևանի դաշտում է:
Սարգիս Խանդանյան (ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ) - Ֆուտբոլ չենք խաղում, մենք ՀՀ անվտանգության մասին ենք խոսում, այստեղ պետք են համապարփակ մոտեցումներ: Գնդակներ միմյանց փոխանցելու խնդիր չկա: Մեր դիրքորոշումը մնում է նույնը, որ հստակ պետք է արձանագրվի տեղի ունեցածը, տրվի գնահատական, և դրա հիման վրա կձեռնարկվեն գործողություններ: