Նոր ներդրումային ծրագիր Վայոց ձորում. մարզում ևս մեկ գինեգործարան է հիմնվելու: «Թավիթիան Վինյարդս» ընկերությունը երեկ վարչապետին էր հյուրընկալել: Գլաձոր համայնքում 12 հա խաղողի այգի արդեն կա, էնդեմիկ՝ Արենի և Ոսկեհատ տեսակներ են աճեցնում, նախատեսվում է ևս 10 հիմնել մինչև 2024-ը:
Ընկերությունը Եղեգնաձորում էլ երկու մասնաշենքից բաղկացած հյուրանոցային համալիր է կառուցելու: Օգոստոսին պատրաստ կլինի առաջինը՝ 20 սենյակով, երկրորդը՝ 50 սենյակով մասնաշենքի կառուցումն էլ կավարտեն 24-ի հունվարին: Վարչապետին տեղեկացրին՝ երբ ամբողջ ծրագիրը կյանքի կոչվի՝ 140-ից ավելի հիմնական աշխատող կունենան:
Վարչապետի հաջորդ կանգառը Նորավանքն էր: Մոմավառություն ու լուսանկար համալիր այցելած զբոսաշրջիկների հետ:
Դեպի վանական համալիր տանող 8,1 կմ-ոց ավտոճանապարհը հիմնանորոգվում է, ծրագիրը գնահատվում 533 մլն դրամ: Պետբյուջեից հատկացված միջոցներով վերջին 4 տարում մարզում ճանապարհաշինական աշխատանք է կատարվել, տեղում ներկայացվեցին արվածն ու ընթացիկը:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Չիվայից դեպի Արենի հատվածն իրականացրել ենք 2019 թվականին, Արենիից մինչև Մալիշկա հատվածը սկսել ենք 2021-ին, 22-ին արդեն ավարտական ունենք: Վայք քաղաքից 3 կմ իրականացրել ենք 2019 թվականին և, այսպես ասած, Ջերմուկի խաչմերուկի հատվածում այս պահին շինարարական աշխատանքներն իրականացվում են: Փաստացի՝ մենք այս տարի ամբողջ Մ2 միջպետականում, որ անցնում է Վայոց ձորի մարզով, կունենանք հիմնանորոգված հատված:
Արենիում էլ նոր մանկապարտեզ է կառուցվում, ծրագիրն իրականացնում է «ՋիէյՋէմ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամը: 577 մլն դրամ ներդրմամբ գյուղի փոքրիկները նախակրթարան կունենան: Այս պահին 155 երեխա սպասում է աշխատանքի ավարտին:
Շենքը պատրաստ կլինի հաջորդ տարի: Այն կծառայի նաև որպես մշակութային կենտրոն՝ համայնքային պուրակով: Վարչապետը շնորհակալություն հայտնեց ծրագրի հեղինակներին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ժամանակակից տեսքով մանկապարտեզ, որ մենք կառուցում ենք, նաև, ի վերջո, էս նոր ճարտարապետության մեջ նոր մտածողոթյունն էլ է ձևավորվում, ու դա իր հետ շղթայական պոզիտիվ ռեակցիաներ է բերելու:
Վարչապետի վերջին կանգառն էլ Չիվայում էր: Այստեղ էլ դպրոց է կառուցվում: Չիվան, Եղեգիսը նաև Գոմքը շուտով նոր մոդուլային դպրոց կունենան:
Նիկոլ Փաշինյան - Պետք է մաքսիմալն անել, որ ժամկետների մեջ մնանք, որ մեր 300 դպրոցը հասցնենք կյանքի կոչել:
Դպրոցի նախահաշվային արժեքը 713 մլն դրամ է: Գործող կրթահամալիրն էլ այս պահին 66 աշակերտ ու 21 ուսուցիչ ունի: Մոդուլային մեկհարկանի կառույցը համապատասխան է սեյսմիկ և անվտանգային չափորոշիչներին՝ զեկուցեցին վարչապետին: Ունի ապաստարաններ, կհամալրվի նաև անհրաժեշտ գույքով: Փաշինյանը զրուցեց նաև բնակիչների հետ, անդրադարձան սահմանամերձ համայնքներին այսօր հուզող ամենամեծ հարցին՝ անվտանգությանը:
Նիկոլ Փաշինյան - Մենք կարանք ասենք, և դա ակնհայտ է, դա միայն վիճակագրությունը ցույց չի տալիս, դա նաև տեսանելի է, որ էսօր մենք կարանք ասենք՝ երկիրը զարգանում է: Բայց խնդիրն այն է, որ էդ անվտանգությունը ապահովելու պարագայում էդ զարգացումը շատ ավելի արագ կլինի ու տևական կլինի, ու մենք բոլորս կենտրոնացած ենք այդ անվտանգության խնդիրները լուծելու համար:
Գյուղում նաև սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, ջրամբար է կառուցվել՝ լուծվել ոռոգման խնդիրը, մշակույթի տունն էլ նոր տանիք ունի: