Հնդկաստանից Կեյ Շիտան դիմել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Հայաստանում ուսման հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար:
Կեշիտա Նարան Դիա - Այստեղ սովորում եմ բժշկություն, դրա համար եմ դիմել՝ ստանալու կացության թույլտվություն՝ ևս վեց տարի Հայաստանում եմ լինելու:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփել է Հայաստանում օտարերկրացիներին ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու՝ այս տարվա 1-ին եռամսյակի տվյալները: Ժամանակավոր կացության կարգավիճակ տրվել է 1 030 անձի՝ ուսման, ձեռներեցության, ընտանիքի վերամիավորման, ամուսնության հիմքով: Սրան գումարվում է նաև կացության կարգավիճակից և աշխատանքի թույլտվության առկայությունից ազատված ԵԱՏՄ պետությունների քաղաքացիների 2200 դիմումը, որոնցից բավարարվել է 1800-ը:
Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք է տրամադրվում Հայաստանում աշխատող ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամներին ևս:
Նելլի Դավթյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Ինչ վերաբերում է ոչ ԵԱՏՄ անդամ քաղաքացիների դիմումներին, ապա դրանք 614-ն են, մեծ մասն ունեն դրական որոշում, մի մասն ընթացքի մեջ է: Ինչպես անցած տարի, այս տարի թոփ եռյակը նույնն է՝ ՌԴ, Իրան, Հնդկաստան:
Մշտական կացության կարգավիճակի համար օտարերկրացին իրավունք ունի դիմել 3 անգամ` 1 տարով, ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալուց հետո: Հունվարից մարտ մշտական կացության իրավունք է տրվել 1060 անձի, մոտ 150-ը ստացել է 10 տարի ժամկետով հատուկ կացության կարգավիճակ, որը շնորհվում է վարչապետի կարգադրությամբ՝ ծագումով հայ օտարերկրացիներին, նաև տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:
Մոնիկա Նիկոլյան (ՀՀ ՆԳՆ ՄՔԾ վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի ավագ տեսուչ) - Նայած` օտարերկրացին ինչ հիմք է ներկայացնում, կարող է լինել ուսում, աշխատանք, ուսանողներ, ովքեր ունեն 1-ին կարգի հարազատ: Առավոտից դիմել է մոտ 30 քաղաքացի, հիմնականում ընդունել ենք: Եղել են` ՌԴ-ից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Վրաստանից:
Տավուշի մարզի Մովսես գյուղից Սահակյանների ընտանիքը Ուկրաինայում 30 տարի բնակվելուց հետո ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով վերադարձել է հայրենիք: Դիմել են հատուկ կացության կարգավիճակի համար, 60 օրից կստանան փաստաթուղթը:
2022-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում մշտական, ժամանակավոր, հատուկ կացության կարգավիճակ ունեցել է ընդհանուր առմամբ ավելի քան 18 հազար օտարերկրացի: