ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին:
«Պայմանագրի նախագծի արդեն մի քանի խմբագրումներ են եղել:
Բնականաբար, կողմերն ունեն սկզբունքային հարցեր, որոնք համաձայնեցնելը բարդ է: Մենք ունենք մեր կարմիր գծերը, Ադրբեջանն իր տեսանկյունից ունի իր կարմիր գծերը: Այս առումով կան շատ հարցեր, որոնց շուրջ դիրքորոշումները մոտեցնելը բարդ է, աշխատում ենք այդ ուղղությամբ:
Մեր կարմիր գիծը խաղաղության պայմանագրի կենսունակության ապահովումն է: Երկրորդը՝ որպեսզի խաղաղության պայմանագրով ապահովվի ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասաց Խանդանյանը:
Ինչ վերաբերում է հնարավոր պայմանագրի գործարկման երաշխիքներին, ապա Խանդանյանը նշեց.
«Խաղաղության պայմանագիրը երաշխավորելու և երաշխավորներ ունենալու շուրջ երկու կողմն էլ պետք է համաձայնություն ունենա: Առայժմ Ադրբեջանը նման համաձայնություն չի տվել»: