ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է ընտրվելու դեպքում Արցախի բնակիչների խախտվող իրավունքների հետ կապված աշխատանքին:
Անահիտ Մանասյան (ՄԻՊ թեկնածու) - Առաջնային խնդիրներից մեկն Արցախի խնդրի արդյունքում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առաջացած տարատեսակ խնդիրներն են, հումանիտար տարբեր հարցերը, որոնք պետք է գտնվեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Պետք է համատեղ ջանքերով այս հարցերին լուծումներ գտնենք: ՄԻՊ ընտրվելու պարագայում պատրաստվում եմ օգտագործել իմ ունեցած ամբողջ գործիքակազմը՝ համագործակցելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իմ միջազգային գործընկերների հետ, որոշ դեպքերում իմ անձնական կապերն օգտագործելով՝ նշված խնդրի արդյունքում առաջացած՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում խնդիրները լուծելու նպատակով:
Բնականաբար, անչափ կարևորում եմ այս ոլորտում փաստահավաք աշխատանքի իրականացումը և մեր հայրենակիցներին ցանկացած տեսակի աջակցության տրամադրումը, որն այս փուլում բացառիկ կարևորություն ունի մեզ համար: