ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՍՏԱՑԱԾՆԵՐԻՆ ԿԱՐԳԵԼՎԻ ԼՔԵԼ ՌԴ-Ն
Ռուսաստանի Պետդուման արագացված ընթացակարգով հաստատել է «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն նախատեսում է զինապարտների միասնական ռեեստրի ստեղծում: Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարը Անդրեյ Կարտապոլովի խոսքով՝ այս փոփոխությունների նպատակն է շտկել զինվորական հաշվառման համակարգի թերությունները, որոնք ի հայտ են եկել 2022 թվականին։
Փոփոխություններ են արվում նաև զորահավաքի ժամանակ քաղաքացիների իրազեկման կարգում. քաղաքացիները կծանուցվեն ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Կարտապոլովը հավելել է, որ էլեկտրոնային ծանուցումները կունենան նույն իրավական ուժը, ինչ թղթային ավանդական ծանուցագրերը:
Օրենքի փոփոխությունները ենթադրում են նաև, որ զինկոմիսարիատից մոբիլիզացիայի ծանուցագիր ստացած զինապարտներին արգելվում է լքել Ռուսաստանի տարածքը, իսկ զինապարտ քաղաքացիների գրանցումը պահեստազորում կարող է իրականացվել առանց նրանց ներկայության:
Զինապարտության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին անդրադարձել է ՌԴ նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ երկրում մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսվում: Մեկնաբանելով էլեկտրոնային ծանուցագրերի ներդրման հարցը՝ նա տեղեկացրել է, որ օրինագծի վրա այժմ աշխատանքներ են տարվում: Կրեմլի խոսնակը կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել
ՌԴ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՓԱԿ ԿՄՆԱՆ ԵՎՐՈՊԱ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքները դեպի Եվրոպա թռիչքների համար փակ կմնան մինչև 2029 թվական: Նման կարծիք են հայտնել Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունից:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Եվրամիության երկրները, ԱՄՆ-ն և Կանադան փակել են օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Մեծ Բրիտանիան արգելել է «Աերոֆլոտ»-ի և ռուսական մասնավոր ինքնաթիռների թռիչքները:
Ի պատասխան՝ Ռուսաստանն արգելել է 36 երկրի ինքնաթիռների թռիչքները երկրի օդային տարածքում՝ առանց Ռոսավիացիայի կամ ԱԳՆ հատուկ թույլտվության։
ՌԴ ԶՈՒ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԲԱԽՄՈՒՏԻ՝ ԱՎԵԼԻ ՔԱՆ 75 ՏՈԿՈՍԸ
Ռուսական ուժերը վերահսկում են Բախմուտի տարածքի ավելի քան 75 տոկոսը՝ հայտարարել է Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատարը։ Դենիս Պուշիլինը նշել է, որ դեռ վաղ է խոսել ամբողջական վերահսկողության մասին, քաղաքի արևմտյան հատվածում կատաղի մարտերը շարունակվում են։ Նա նաև հավելել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ծառայողները ավելի վաղ դրոշ են բարձրացնել Բախմուտի վարչական շենքի վրա։ Ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, սակայն, հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն պատրաստվում լքել քաղաքը և դիմադրում են։ Դենիս Պուշիլինը նաև տեղեկացրել է, որ Մարյինկայի վրա վերահսկողություն հաստատել նույնպես դեռ չի հաջողվում, քանի որ ուկրաինական կողմը պարբերաբար նոր կենդանի ուժ և ռազմատեխնիկա է ներգրավում:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ «Վագների» ջոկատները փորձում են գրավել Բախմուտի կենտրոնական հատվածը, այդ հարցում նրանց աջակցում են Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները։
Ուկրաինայի արևելքում կատաղի մարտերի ֆոնին հաճախակիացել են ուկրաինական Զինված ուժերի՝ մոտ ապագայում հակահարձակման անցնելու մասին լուրերը: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկրի պաշտպանության ուժերը պատրաստվում են հակահարձակման, սակայն հստակ ժամկետներ չկան, քանի որ դա կախված է եղանակային պայմաններից և ռազմական մատակարարումների դինամիկայից։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ 2.9 ՄԼՐԴ ԽՄ ԳԱԶ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ԵՎՐՈՊԱ
Ադրբեջանը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ավելացրել է գազի արտահանումը 11,2 տոկոսով՝ հասցնելով այդ ծավալը 6,5 մլրդ խորանարդ մետրի: Երկրի էներգետիկայի նախարար Պյարվիզ Շահբազովը տեղեկացրել է, որ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա կազմել է 2,9 մլրդ խ.մ կամ Ադրբեջանից մատակարարումների 45 տոկոսը։ Ներկայումս Եվրոպայում ադրբեջանական գազ են գնում Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան:
Թուրքիա մատակարարումները կազմել են 2,7 մլրդ խ.մ, իսկ Վրաստան՝ 0,9 մլրդ խ.մ: