Ազգային ժողովը քննարկում է պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:
«Վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը մարտի 31-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի, Վիգեն Խաչատրյանի և Ալխաս Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Գեղամ Նազարյանի և Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ նիստը նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ Արծվիկ Մինասյանի կողմից քննարկման թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու և քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով՝ ցուցադրաբար հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին և ներկաների հանդեպ անհարգալից, ինչպես նաև իրավական, այդ թվում՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով ամրագրված նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես, Մհեր Սահակյանը ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին, հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վլադիմիր Վարդանյանի միջև նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
«Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մարմնական վնասվածք պատճառելը խուլիգանական դրդումներով»,- ասաց Վարդապետյանը: