Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդուման ապրիլի 11-ին կքննարկի «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որոնք վերաբերում են զինապարտների միասնական ռեեստրի ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:
Նրա խոսքով՝ այս փոփոխություններն ուղղված են՝ շտկելու զինվորական հաշվառման թերությունները, որոնք ի հայտ են եկել 2022 թվականին։ Պաշտոնյան նշել է, որ օրինագծով նախատեսվում են նաև փոփոխություններ քաղաքացիների իրազեկման կարգում. ծանուցումը հնարավոր կլինի ստանալ ինչպես թղթային ծանուցագրերի միջոցով, այնպես էլ նամակներով և էլեկտրոնային եղանակով: Կարտապոլովը հավելել է, որ էլեկտրոնային ծանուցումները նույն իրավական ուժը կունենան, ինչ ավանդական թղթային ծանուցումները:
Օրենքի փոփոխությունները ենթադրում են նաև, որ զինկոմիսարիատից ծանուցագիր ստացած զինապարտներին արգելվում է լքել Ռուսաստանը:
Զինապարտության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ երկրում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում: Մեկնաբանելով էլեկտրոնային ծանուցագրերի ներդրման հարցը՝ Պեսկովը նշել է, որ ներկայում օրինագծի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կրեմլի խոսնակը հավելել է, որ նշված փոփոխությունների ֆոնին երկրում խուճապ չի սկսվի, քանի որ դրանք կապ չունեն մոբիլիզացիայի հետ: