Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։
Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։
Հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները՝ Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը հորդորում է քաղաքացիներին, շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ, շրջանային վարչակազմերի միջոցով դիմել Կենտրոնին՝ հնարավոր դեպքերում ապահովելու ռուս խաղաղապահների ուղեկցությունը: