Եվրոպական Միությունը հետաքրքրված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության պահպանմամբ: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» միջազգային վեբինարի շրջանակում:
«ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրների հետ աշխատում է ոչ թե ինչ-որ մեկին դեմ գնալու համար, այլ որովհետև այս տարածաշրջանը կարևոր է մեզ համար, և մենք ուզում ենք օգնել այս տարածաշրջանին հաջողության հասնել»,- նշել է Կլաարը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ պետք է հաշվի առնել հակամարտության պատմությունը, պետք է լինեն անվտանգության միջոցառումներ, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան:
Կլաարի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են, և այդ գործընթացը առաջ մղելու կարիք կա: Միևնույն ժամանակ, ըստ դիվանագետի, խաղաղության համաձայնագրի կնքումից հետո անհրաժեշտ կլինի ապահովել համապարփակ խաղաղություն տարածաշրջանում: