«Կասպյան հնգյակի» հանդիպումը նախատեսվում է անցկացնել այս տարի Ռուսաստանում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ղազախստանի իր պաշտոնակից Մուրատ Նուրտլեուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
««Կասպյան հնգյակի» արտգործնախարարների կանոնավոր հանդիպումները կնպաստեն տարածաշրջանում համագործակցության խորացմանը, և մենք նման հանդիպում ենք նախատեսում ընթացիկ տարում Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Կասպյան ուղղությամբ առանցքային խնդիրը Կասպյան 6-րդ գագաթնաժողովի և Կասպյան տնտեսական 2-րդ համաժողովի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների ու նախաձեռնությունների կյանքի կոչումն է:
«Կասպյան հնգյակը» ներառում է Կասպից ծովի ափամերձ հինգ պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը: