Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հոդված է հրապարակել, որում ներկայացրել է սոցիալական ցանցերում Ադրբեջանի լրագրողների և ակտիվիստների անձնական տվյալների և լուսանկարների հանրայնացման դեպքեր: Նշվում է, որ շատ ադրբեջանցիներ ենթադրում են, որ դա երկրի իշխանությունների ձեռքի գործն է. այդպիսով նրանք փորձում են վրեժ լուծել իրենց ընդդիմախոսներից:
Անդրադարձ է կատարվում ադրբեջանցի ակտիվիստ Բախտիար Հաջիևին, որը փետրվարի կեսին հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր ձերբակալության դեմ: Դրանից հետո սկսեցին ի հայտ գալ Telegram-ի ալիքներ, որոնք խոստանում էին «բացահայտում Բախտիարին»։ Այդ ալիքներում սկսեցին տարածվել Հաջիևի անձնական հեռախոսից գողացված բազմաթիվ նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, նամակագրություններ և ձայնագրություններ:
Բացահայտվեցին նաև այն կանայք, որոնց հետ Հաջիևը շփվել էր վերջին յոթ տարիների ընթացքում, որոնցից շատերն ակտիվիստներ և լրագրողներ էին: Հրապարակվել են նույնիսկ մի քանի կնոջ մերկ լուսանկարները, տան հասցեները, կոնտակտային տվյալները, ինչպես նաև ինտիմ բնույթի խոսակցությունները:
Նյութի մեջ ընդգծվում է, որ միջազգային տեխնիկական և իրավապաշտպան խմբերի մի քանի զեկույցում զետեղվել են հավաստի ապացույցներ, որ քաղաքացիների դեմ հաքերային արշավները համակարգել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը: Ադրբեջանը ճանաչվել է Pegasus լրտեսական ծրագրերի հիմնական օգտատեր Pegasus Project ծրագրի շրջանակներում: Պարզվել է, որ Ադրբեջանի կառավարությունը լրտեսող ծրագրերը կիրառել է ավելի քան 40 ակտիվիստների, լրագրողների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, այդ թվում՝ Հաջիևի: