Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի իր պաշտոնակից Մուրատ Նուրտլեուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Մոսկվան վախենո՞ւմ է ԱՄՆ-ի և Եվրամիության փոխգործակցությունից Ռուսաստանի հարևանների հետ:
«Եթե խոսքն իսկապես միջազգային իրավունքին համապատասխան իրավահավասար, փոխշահավետ, թափանցիկ փոխգործակցության մասին է, ապա ոչ ոք ոչ մի մտավախություն չի կարող ունենալ։ Իսկ եթե խոսքն այն մասին է, որ արևմտյան երկրները սպառնալիքներով և շանտաժով փորձեն ստիպել մեր դաշնակիցներին՝ խաթարել հարաբերությունները ՌԴ-ի հետ ի վնաս իրենց սեփական ազգային շահերի, ապա մենք, իհարկե, չենք թաքցնի մեր վերաբերմունքը նման փորձերի նկատմամբ։ Մեր Ղազախստանցի բարեկամները և մյուս գործընկերները ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ՇՀԿ-ում հիանալի հասկանում են, թե ինչի մասին է խոսքը»,- նշել է Լավրովը: