Քաղաքապետարանը խստացնում է պայքարը շինարարական աղբը սահմանված տարածքից դուրս թափողների նկատմամբ: Գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց՝ նախորդ շաբաթվա ընթացքում վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են շրջայցեր, կատարվել կանխարգելիչ գործողություններ:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որ այլևս այնտեղ որևէ մեքենա չներթափանցի: Նույն աշխատանքը կատարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը՝ երկկողմանի փակվել են ամբողջությամբ ստորին Հրազդանի ջրանցքի երկայնքով՝ Դալմայի այգիների՝ Իսակովի պողոտայից և Մեծարենցի փողոցի՝ Կուրղինյան խաչմերուկից այդ բոլոր հատվածները, վերցվել հսկողության տակ: Նույն միջոցառումը կանենք նաև Շենգավիթ վարչական շրջանում, այնտեղ էլ է խնդիրը շատ սրված:
Խնդիրն ամբողջությամբ վերացնելու համար քաղաքապետարանն ու պարեկային ծառայությունը կշարունակեն ամենօրյա ստուգումները: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն առաջարկեց հետևանքները վերացնելուն զուգահեռ անդրադառնալ նաև հարցի սկզբնաղբյուրին:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Սկզբնաղբյուրը շինհրապարակներն ու շինարարներն են, ովքեր որ այս համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը՝ ենթադրաբար ավելի էժան ձերբազատվելու այդ շինաղբից: Ավարտական ակտ մարդը չպետք է ստանա, եթե ինքն իր շինաղբը համապատասխան ձևով չի տեղափոխել շինաղբավայր:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Շինարարության թեման շարունակելով՝ Տիգրան Ավինյանն անդրադարձավ համացանցում տարածվող տեղեկություններին, ըստ որի՝ Արամ Մանուկյանի արձանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքը քաղաքապետարանը պատշաճ որակի չի իրականացրել: Շինարարության և բարեկարգման վարչության պետը հայտնեց՝ խոսքը արձանին հարակից տարածքի մի փոքր մասին է վերաբերում, որի համար առանձին մրցույթ է հայտարարվել:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Սա, կարծում եմ, մանիպուլյացիա է, որ իբր մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետև այդ հատվածում երբեք ո՛չ ծավալներով, ո՛չ նախագծերով ոչ մի շինարարական աշխատանք չի ձեռնարկվել:
Բարեկարգման աշխատանքները շարունակվում են նաև Երևանյան լճի ափամերձ տարածքում: Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց՝ արդեն ավարտվել է տեղի չորացած ծառերի հատման գործընթացը:
Արմեն Բեգոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Կատարվել է քարտեզագրում տարածքների: Այժմ, այս պահին ճարտարապետների կողմից դա նախագծման փուլում է, դիզայներների կողմից: Հիմնականում նախատեսվում են սոճուտներ, թեթև անտառային զանգված և քարապարտեզների այդ տարածքում:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նաև զեկուցվեց՝ սկսվում են Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման աշխատանքները: Առաջարկներ են մշակվել սեփականատերերին և օգտագործողներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու կամ համայնքի ֆոնդից բնակարաններ տրամադրելու վերաբերյալ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան