Խորհրդարանական գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց վարժական հավաքներին մասնակից աշխատող քաղաքացիների համար նոր սոցիալական երաշխիքների ստեղծմանը: Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը ենթադրում է, որ 25-օրյա վարժանքի մեկնողները կպահպանեն ոչ միայն աշխատատեղը, այլև աշխատավարձը: Նախագիծը վերաբերելու է թե՛ պետական սեկտորին, թե՛ մասնավորին:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Օրենքով սահմանել ենք, որ գործատուն առնվազն վճարելու է տարբերությունը, այն տարբերությունը, որը աշխատակիցը ստանալու է պետության կողմից վարժանքներին մասնակցելու համար, օրինակի համար, եթե 200 հազար դրամ իմ հիմնական աշխատավարձն է, ու ես մասնակցում եմ վարժանքների, որտեղ ստանում եմ 100 հազար դրամ, գործատուն առնվազն պետք է վճարի էդ 100 հազար դրամը:
Նախագծով տարանջատված են պետական ու մասնավոր գործատուները: Մասնավորի դեպքում «տարբերությունը» բառից առաջ ավելացված է «առնվազն» բառը: Փոխնախարարը բացատրում է՝ կան ընկերություններ, որոնք ցանկանում ու վճարում են ամբողջ աշխատավարձը, դա նրանց կամքն է: Իսկ ահա պետականի մասով պետք է բյուջետային ծախսերը կանխատեսելի լինեն:
Ռուբեն Սարգսյան - Պետության դեպքում հստակ ֆիքսված ա, որ դրա տարբերությունն ենք վճարելու դրական, մասնավորի դեպքում՝ առնվազն դրական տարբերությունը:
Փոփոխությունը, սակայն, չի տարածվելու ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատողների վրա՝ նշեց փոխնախարարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով էլ՝ գործադիրը որոշակի խմբագրական շտկումներ է կատարել նախագծում ու հստակեցրել, որ այդ կարգավորումը գործելու է առաջին 30 օրվա համար:
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - «Մինչև 30 օրացուցային օր» բառերը փոխարինվել են «առաջին 30 օրացուցային օր», դրանից հետո նոր մնում ա գործատու - աշխատող պայմանավորվածություններին:
Նախագիծը Կառավարությունն ընդունել էր մարտի 23-ին, այն որպես անհետաձգելի ուղարկել Ազգային ժողով: Գլխադասային հանձնաժողովն էլ որոշեց՝ այն կքննարկվի հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով՝ Ազգային ժողովի խորհրդին առաջարկելով հարցն ընդգրկել վաղվանից մեկնարկող լիագումարի օրակարգում: