ՌԴ-Ն ՊԵՏՔ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ, ՈՐ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՏԱՐԱԾՔԸ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Ռուսաստանը պետք է երաշխավորի, որ արտաքին ագրեսիայի դեպքում կպաշտպանի Բելառուսը ինչպես սեփական տարածքը՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ նշել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը պետք վերանայեն տարբեր պայմանագրեր ու համաձայնագրեր, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե միջպետական ինչպիսի իրավական կարգավորման կարիք կա, որը թույլ կտա ամբողջությամբ ապահովել Բելառուսի անվտանգությունը: Սերգեյ Շոյգուն էլ նշել է, որ առաջիկայում կքննարկվեն Բելառուսում ռուս զինվորականների հետագա ներկայության և համագործակցության շրջանակների հնարավոր ընդլայնման վերաբերյալ հարցերը:
ԱՄՆ-Ն ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-ն գնահատում է, թե ինչպես կարող են արտահոսքի արդյունքում տարածված ամերիկյան գաղտնի փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում ԱՄՆ անվտանգության ծառայությունների և ռազմական գերատեսչությունների աշխատանքի մասին, ազդել ազգային անվտանգության վրա։ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհին նշել է, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է նաև այն ազդեցությունը, որ այս փաստաթղթերը կարող են ունենալ դաշնակիցների և գործընկերների վրա: Նա հասատատել է, որ փաստաթղթերը կարող են պարունակում են գաղտնի և հույժ գաղտնի փաստեր. դրանց իսկությունը վերջնական հաստատված չէ: CNN-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ի ԶՈՒ և հետախուզական ծառայությունների գաղտնի փաստաթղթերը ստիպել են Կիևին փոխել իր «ռազմական պլանները»:
ՌԴ-Ն Է ԿԱՆԳՆԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ. ՊՈԴՈԼՅԱԿ
Թեմային անդրադարձել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության ներկայացուցիչը: Նա Ռուսաստանին մեղադրել է խիստ գաղտնի փաստաթղթերում փոփոխություններ կատարելու համար: Անդրեյ Յուսովը նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանի ամենահաջող հետախուզական գործողություններն իրականացվել են ֆոտոշոփի միջոցով: Նրա խոսքով՝ փաստաթղթերում ակնհայտ կեղծիքներ են ներառված, օրինակ՝ պատերազմի ընթացքում կողմերի զոհերի թվերը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Տելեգրամի իր ալիքում գրել էր, որ վստահ է՝ Ռուսաստանն է կանգնած արտահոսքի հետևում: Նրա համոզմամբ՝ փաստաթղթերը ոչ մի կապ չունեն Ուկրաինայի իրական ծրագրերի հետ:
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԹԱՅՎԱՆԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ
Չինաստանն ապրիլի 8-ից եռօրյա զորավարժություններ է անցկացնում Թայվանի մերձակայքում: Վարժանքներին առաջին անգամ մասնակցում է «Շանդուն» ավիակիրը։ Զորքերը կատարելագործում են կղզու լիարժեք շրջափակման զորաշարժերը:
Զորավարժությունները, որոնք Պեկինն անվանել է «Խիստ նախազգուշացում», տեղի են ունենում ի պատասխան Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցի։
ԻԻՀ ԱԳՆ ԽՈՍՆԱԿՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԹԵՀՐԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր անդրադարձել է Թեհրան-Բաքու հարաբերություններին: Նա նշել է, որ հարևան երկրները պետք է կենտրոնանան ընդհանուր շահերի վրա և թույլ չտան, որ երրորդ երկրները լարվածություն ստեղծեն երկկողմ հարաբերություններում:
«Իրանը միշտ ընդգծել է երկխոսության կարևորությունը, սակայն կան թշնամիներ, որոնք չեն ցանկանում, որ հարևան, եղբայրական և մուսուլմանական Իրանն ու Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունենան»,- ասել է Նասեր Քանանին:
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը ձգտել է դիվանագիտական մեթոդներով նպաստել լարվածության թուլացմանը երկկողմ հարաբերություններում, և Թեհրանի նախաձեռնությամբ երկու երկրների արտգործնախարարներն ունեցել են հեռախոսազրույցներ, որոնք եղել են դրական ու կառուցողական: «Ջանքեր են գործադրվում, որ ադրբեջանական կողմի հետ համակարգմամբ ստեղծված մթնոլորտը վերահսկվի, և հարաբերությունները բնականոն հուն վերադառնան: Կովկասի զարգացումների վերաբերյալ Իրանը դիրքորոշումը չի փոխել»,- հավելել է Քանանին: