Շուտով պոլիկլինիկաները կգործեն առավոտյան ժամը 8:00-ից երեկոյան 19:00-ը: Առողջապահության նախարարի տեղակալը շտապում է ավելացնել՝ դա չի նշանակում, թե բուժաշխատողները պետք է աշխատեն օրական 11 ժամ, և հերթափոխ այլևս չի լինելու: Օրենքով նրանց շաբաթական աշխատաժամանակը 33 ժամ է: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկով կազմում է օրական մոտ 6.5:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Իրենք էդպես էլ աշխատում են՝ 4.5 ժամ պոլիկլինիկայում՝ որպես ընդունելություն, դրանից հետո, եթե լինում են տնային կանչեր, դրանով աշխատանքը ավարտում են, այսինքն՝ 9:00-13:30-ը կամ 13:30-18:00-ը: Մենք առաջարկում ենք էլի ընդունելությունը լինի 9:00-13:30 և 13:30-19:00:
Նոր գրաֆիկի դեպքում ավելի շատ ժամանակ կհատկացվի պոլիկլինիկայում ընդունելությանը, փոխարենը կկրճատվեն տնային այցերը: Դրանց կարիքը, որպես կանոն, շատ չի լինում: Արտակ Ջումայանը վստահեցնում է՝ քրոնիկ առողջական խնդիրներով կամ անկողնային պացիենտների դեպքում որևէ սահմանափակում չի լինի, պարզապես տանը չեն սպասարկվի թեթև խնդիրների պատճառով ստացվող կանչերը, երբ կարելի է այցելել պոլիկլինիկա և ստանալ առավել ամբողջական ու լիարժեք օգնություն:
Ներկայիս 9:00-ի փոխարեն շուտով առավոտյան ժամը 8:00-ից կաշխատի լաբորատոր-գործիքային հետազոտությունների բաժանմունքը:
Արտակ Ջումայան - Որ եթե ես՝ որպես աշխատող, ժամը 18.00-ից հետո դիմեցի իմ բժշկին, և պարզվեց, որ ինձ պետք է անցնել համապատասխան հետազոտություն, գրանցվելով առավոտյան 8:00-ին և այլն, ես գամ առավոտյան շուտ, հանձնեմ իմ անալիզները, գնամ աշխատանքի և նորից կունենամ հնարավորություն 19.00-ին գալ և տեսնել պատասխանները և արդեն անցնել հետագա աշխատանքներին:
Ծրագրվում է սահմանել նաև նեղ մասնագետների հերթապահություն: Այս դեպքում նույնպես հավելյալ աշխատանք չի պահանջվի: Բժիշկները կգան մեկ ժամ ուշ և նույնքան ուշ էլ կավարտեն աշխատանքը:
Արտակ Ջումայանը հիշեցնում է՝ բուժաշխատողներն առաջիկայում պետք է վճարվեն բոնուսային համակարգով, որտեղ հիվանդությունների կանխարգելումը նույնպես կարևոր տեղ է ունենալու: Ընդգծում է, որ պոլիկլինիկայում աշխատելու հավելյալ մեկ ժամը բուժաշխատողին հնարավորություն կտա ջանքերն ուղղել հիվանդությունների կանխարգելմանը:
Արտակ Ջումայան - Միջին կցագրված բնակչության թվով պետք է 3-4 այց օրական ավել ունենալ, որպեսզի կարողանաս հասնել կցագրված բնակչության 65 և ավելի տոկոսին:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ պոլիկլինիկայի պացիենտները հիմնականում նույն մարդիկ են, որոնք չեն աշխատում, ունեն քրոնիկ հիվանդություններ:
Այսինքն՝ աշխատող պացիենտ, որոնք աշխատում են 9:00-18:00-ը և որևէ կերպ, անգամ ցանկության դեպքում, հնարավորություն չունեն դիմել, կամ պետք է տնօրինությունից խնդրել մեկ ժամ շուտ գնալ կամ մեկ ժամ բացակայել աշխատանքից, որպեսզի կարողանան դիմել պոլիկլինիկա:
Թե երբվանից են պոլիկլինիկաներն աշխատելու նոր գրաֆիկով, դեռ հստակ չէ: Այս և հաջորդ շաբաթ նախարարի տեղակալը հանդիպումներ կունենա բուժաշխատողների հետ, նրանց կներկայացնի նորություններն ու կպատասխանի մտահոգող հարցերին: Գուցե որոշակի շտկումներից հետո փոփոխությունները կսկսեն գործել: