Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչների հետ Լիտվայի Հանրապետությունում մասնակցել են հանրային ծառայությունների մատուցման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը՝ ԵՄ ԹԱՅԵՔՍ գործիքի կիրառման շրջանակում։
Այցի ընթացքում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լիտվայի ներքին գործերի նախարարություն, որտեղ ծանոթացել են հանրային ծառայությունների մատուցման նորարարական և թվայնացված լուծումների ներդրման լիտվական փորձին՝ միաժամանակ դիտարկելով ոլորտային թվայնացման մեթոդների ՀՀ-ում տեղայնացման հնարավորությունը: Այս համատեքստում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել նաև Լիտվայի տեղեկատվական հասարակության զարգացման կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են թվայնացման գործընթացների համակարգման լիտվական փորձը:
ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Լիտվայի պետական և մունիցիպալ ծառայությունների մատուցման գրասենյակներ՝ տեղում ծանոթանալու ծառայությունների մատուցման ներդրված փորձին: Այդպիսի կառույցներ են հանդիսացել Լիտվայի ռեգիստրների կենտրոնը, Վիլնյուսի քաղաքապետարանը, Միգրացիոն ծառայությունը և այլն: